
Թբիլիսիի Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ ցույցի մասնակից երիտասարդները հայտարարեցին իրենց պահանջները: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Ցուցարարների առաջին պահանջը կալանավորների ազատ արձակումն է, հավաքի պահանջներին զուգահեռ հայտարարվել է տոտալ անհնազանդություն, քանի դեռ «Օտարերկյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը հետ չի կանչվել։
Օրենքի նախագծի հակառակորդները պահանջում են նաև պատժել ցուցարարների, այդ թվում՝ երեխաների և կանանց, նկատմամբ բռնություն գործադրողներին:
Նշենք նաև, որ այս պահին «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող խաղաղ ցուցարարները փակել են Թբիլիսիի Հերոսների հրապարակն ու հարակից տարածքի ճանապարհը, երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է:
Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։
«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։