Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Անատոլի Գիգաուրիին։ Նա ձերբակալվել էր նոյեմբերի 25-ին Ռուսթավելիի պողոտայում երթի ժամանակ։ Ըստ հաղորդագրության՝ նա հավաքի ժամանակ հարձակվել է ոստիկանի վրա։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ 4-ից 7 տարի ժամկետով։
«Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նոյեմբերի 25-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 353 հոդվածի առաջին մասով (ոստիկանի վրա հարձակում), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով»,- ասված է դատախազության հաղորդագրությունում
Տեղեկության համաձայն` դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում դիմելու է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ բերման էր ենթարկվել նաև 20-ամյա Մաթե Դևիձեն և դատապարտվել երկու ամսվա ազատազրկման։
Այդ օրը Թբիլիսիի պետական համալսարանի հարակից տարածքը բռնի ուժով ցուցարարներից ազատելու ժամանակ իրավապահները բերման էին ենթարկել ևս 16 հոգու։