
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Մգելիաշվիլին այսօր՝ հունվարի 16-ին, կալանքի տակ է թողել նոր ընտրությունների պահանջով ցույցի մասնակիցներից Անատոլի Գիգաուրիին։ Ըստ նախաքննության տվյալների` նա ձերբակալվել է ոստիկանին ապտակելու համար, նրան սպառնում է չորսից յոթ տարվա ազատազրկում։
Անատոլի Գիգաուրիի դատավարությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը։
Ապացույցների թույլատրելիությունը քննարկելիս փաստաբան Լաշա Ցուցկիրիձեն դատավորին խնդրել է թույլ տալ դիտել տեսանյութը, որտեղ, փաստաբանի խոսքով, երևում է, թե ինչպես է, նախ, ոստիկանը հարվածում Անատոլի Գիգաուրիին, որին հետևում է Գիգաուրիի հարվածը։
Դատավորն ի պատասխան ասել է, որ դատավարության այս փուլում տեսանյութը չի կարող ապացույցների մեջ մտնել։