Սինգապուրի դատարանը շվեյցարական Credit Suisse-ի տեղական «դուստր» ընկերությանը պարտավորեցրել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին վճարել 742,7 մլն դոլար, գրել է Bloomberg-ը։
Դատարանի որոշմամբ՝ բանկը խախտել է ակտիվների պաշտպանության պարտավորությունները: Դատարանն Իվանիշվիլիի օգտին առաջին որոշումը կայացրել է 2023 թվականի մայիսին։ Այնուհետև վնասը գնահատվել է 926 մլն դոլար։ Այնուամենայնիվ, հետագայում ճշգրտումներ են արվել կրկնակի փոխհատուցումներից խուսափելու համար: 2022 թվականին Բերմուդան կղզիների դատարանը նույն գործով շվեյցարական ընկերությանը պարտավորեցրել է վճարել 600 միլիոն դոլար։
Ըստ տեղեկությունների՝ Իվանիշվիլիի փաստաբաններին դեռ բողոքարկման գործընթաց է սպասվում։ Credit Suisse-ը մտադիր է բողոքարկել Սինգապուրի դատարանի որոշումը։
Իվանիշվիլին դատի է տվել Credit Suisse-ին մի շարք խնդիրներով։ Ընդհանուր գումարը, որը պահանջում է Իվանիշվիլին, կազմում է մոտ 800 մլն դոլար։ Իվանիշվիլին պնդում է, որ իր վրա ազդել են ֆինանսիստ Պատրիս Լեսկոդերոնի գործողությունները։ Վրացի միլիարդատիրոջ հաշվարկով` Credit Suisse-ում իր ընտանիքի հաշիվների ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 1,2 միլիարդ դոլար։
Նշենք, որ 2018 թվականին Պատրիս Լեսկոդերոնը դատապարտվել է խարդախության համար։ Երկու տարվա նախնական կալանքից հետո նա ազատ է արձակվել 2019 թվականին, իսկ 2020 թվականի հուլիսին ինքնասպան է եղել։ Credit Suisse-ի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բանկը տեղյակ չի եղել աշխատակցի խարդախության մասին։ Բանկի պնդմամբ` Լեսկոդերոնը գործել է միայնակ: