CPJ-ն խորհրդարանին կոչ է արել չեղարկել ԶԼՄ-ների սահմանափակումները

Վրաստանի խորհրդարանում դեղին մակարդակի գործարկումից հետո «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունն օրենսդիր մարմնին կոչ է արել անհապաղ չեղարկել նոյեմբերի 25-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների խորհրդարանի շենք մուտք գործելու սահմանափակումները։

CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Գուլնոզա Սաիդը նշել է՝ քաղաքական գործընթացների մասին քաղաքացիների տեղեկացվածության իրավունքի սահմանափակումները վտանգ են ներկայացնում, ինչի պատճառով էլ CPJ-ն կոչ է անում Վրաստանի խորհրդարանին ապահովել մամուլի ազատ աշխատանքը։

«Վրաստանի պատմության վճռորոշ պահին լրագրողների մուտքը խորհրդարան սահմանափակելու քայլերը անհանգստացնում են և սպառնում կենսական քաղաքական գործընթացների մասին քաղաքացիների իրազեկվելու իրավունքին»,- ասել է Սաիդը։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 26-ից մինչև համապատասխան հրամանի չեղարկումն ակտիվացել է անվտանգության դեղին մակարդակը։ Անվտանգության դեղին մակարդակը թույլ է տալիս օրենսդիր մարմին մտնել միայն հավատարմագրված լրագրողներին։