Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, վարակաբան Թենգիզ Ցերցվաձեն անդրադարձել է կորոնավիրուսից մահվան հիմնական պատճառներին:
Ցերցվաձեն ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ վերջերս աշխարհում կտրուկ աճ են արձանագրել COVID 19-ով վարակման ու մահվան ցուցանիշերը:
Վարակաբանն` ընդգծելով, որ աշխարհի շատ երկրներում արդեն մեկնարկել է կորոնավիրուսի երրորդ ալիքը, նշում է, որ չնայած պատվաստման գործընթացը ուշ սկսելուն՝ Վրաստանին դեռևս հաջողվում է կայուն պահել կորոնավիրուսի ցուցանիշերը:
Ցերցվաձեն կոչ է անում ժամանակին միջոցներ ձեռնարկել վարակի տարածումը կանխելու նպատակով ու նշում, որ իրենց անցկացրած հետազոտության արդյունքում պարզել են Վրաստանում կորոնավիրուսից մահերի հիմնական պատճառները, որոնցից ամենատարածվածը բժիշկներին ուշ դիմելն է: Վրաստանում, ի դեպ, կորոնավիրուսից մահերի թիվը շուտով կհասնի 4000-ի, վարակից ամեն օր միջինում մահանում է 8 մարդ:
Ցերցվաձեն առանձնացնում է հիմնական պատճառները՝
1. Պացիենտը սովորաբար ուշացած է ներկայանում COVID կլինիկա՝ թեստ հանձնելու նպատակով:
2. COVID դրական պատասխանն իմանալուց հետո պացիենտը բժշկին դիմելու փոխարեն, փորձում է ինքնաբուժությամբ զբաղվել
3. Անտեսելով ընտանեկան բժշկի կամ շտապ օգնության բժիշկների խորհուրդը, պացիենտը հրաժարվում է հոսպիտալացումից
4.Հազվադեպ ընտանիքի կամ շտապ օգնության բժիշկը չի կարողանում սահմանել խնդրի լրջությունն ու խորհուրդ չի տալիս հոսպիտալացվել: