COSAC-ի նիստին «Վրացական երազանք»-ին հղված հրավերը չեղարկվել է

Լեհաստանում Եվրոպական միության խորհրդարանների Եվրոպական հարցերի հանձնաժողովների (COSAC) նիստին «Վրացական երազանք»-ի պատվիրակությանը հղված հրավերը չեղարկվել է։ Վրաստանի իշխող կուսակցությունը դժգոհում է։

Նախ, 2024 թվականի դեկտեմբերի 6-ին «Վրացական երազանք»-ի պատվիրակությունը համաժողովին հրավիրվել էր Լեհաստանի Սենատի և Սեյմի՝ խորհրդարանի ստորին և վերին պալատների Եվրամիության հետ հարաբերությունների հանձնաժողովների նախագահներ Ագնեշկա Պոմասկայի և Տոմաշ Գրոդսկիի կողմից։

Սակայն 2024 թվականի դեկտեմբերի 23-ին նրանք փոխել են իրենց որոշումը, չեղարկել են միջոցառման հրավերը և հայտարարել. «Վրաստանի կառավարության ներկայացուցիչները որոշել են դադարեցնել բանակցությունները Եվրամիության հետ։ Վրաստանի փողոցներում ժողովրդավարության համար պայքարող մարդկանց վիճակն օրեցօր վատանում է: Մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր պաշտպանում են ժողովրդավարությունը, ազատությունը և մարդու իրավունքները»:

«Վրացական երազանք»-ին ուղարկված նամակում Սեյմի և Սենատի ներկայացուցիչները հիշեցրել են Եվրախորհրդարանի 2024 թվականի նոյեմբերի 28-ի բանաձևը, որը, լեհ խորհրդարանականների խոսքով, կոչ է անում Եվրամիությանը «խստորեն սահմանափակել բարձրաստիճան շփումները Վրաստանի կառավարության և խորհրդարանի հետ»:

«Մենք համոզված ենք, որ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչները չպետք է մասնակցեն COSAC-ի նախագահների համաժողովին, որը նախատեսված է 2025 թվականի հունվարի 26-27-ը Վարշավայում: Մեր ուղերձը հստակ է՝ մենք չենք ընդունում այդ արժեքների (ժողովրդավարություն, ազատություն, մարդու իրավունքներ — հեղ.) ոտնահարումը։ Եվ մենք համոզված ենք, որ Վրաստանն արժանի է տեղ ունենալու մեր եվրոպական հասարակությունում», — նշված է հայտարարության մեջ:

2025 թվականի հունվարի 6-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին դատապարտել է լեհ խորհրդարանականների որոշումը։ Նա հրապարակել է հունվարի 6-ին իրենց ուղարկված նամակին արձագանքը, որում գրված է. «Ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնում այս որոշման կապակցությամբ, քանի որ դա խաթարում է երկխոսության և համագործակցության ոգին՝ Եվրամիության հիմնարար սկզբունքները»։

Այդ նամակում Մախաշվիլին կրկնել է «Վրացական երազանք»-ի պնդումը. «Վրաստանը, որպես ԵՄ անդամության թեկնածու երկիր, հավատարիմ է մնում օրենքի գերակայությանը, հասարակական կարգի ապահովմանը և քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությանը»։

COSAC-ը «Եվրամիության Ազգային խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովն է»։ Դրա նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը և համակարգումը ԵՄ հարցերի շուրջ: COSAC-ի միջոցով ԵՄ անդամ երկրների խորհրդարանների անդամներին հնարավորություն է տրվում տարին երկու անգամ ներկայացնել իրենց փորձը, քննարկել ԵՄ քաղաքականությունը, օրենսդրությունը և այլ կարևոր հարցեր։

COSAC-ի անդամները ԵՄ բոլոր երկրների խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովներն են: Որպես դիտորդ մասնակցում են նաև ԵՄ անդամության թեկնածու երկրների խորհրդարանները։