Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը (ՀԸ) վճարովի քաղաքական գովազդ չտեղադրելու, իսկ իշխանամետ «Իմեդի» ՀԸ-ին վճարովի քաղաքական գովազդ չտեղադրելու և հասարակական կարծիքի հարցումների արդյունքներն օրենքի խախտմամբ տարածելու համար Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» խախտողներ է ճանաչել և ՀԸ-ների նկատմամբ վարչական իրավախախտումների արձանագրություն է կազմել։
Երկու հեռուստաընկերություններին էլ դատի էր տվել «Ուժեղ Վրաստան» կոալիցիան: ComCom-ը որոշել է, որ «Ռուսթավի 2»-ը և «Իմեդի»-ն, չնայած վճարովի քաղաքական գովազդի տեղադրման մասին ստորագրված պայմանագրերին, հեռուստատեսությամբ չեն հեռարձակել «Ուժեղ Վրաստան»-ի գովազդը։
ComCom-ը նշել է՝ «Իմեդի»-ն հոկտեմբերի 9-ին անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների մասին տեղեկատվություն տարածելիս «չի նշել հարցման պատվիրատուին, մեթոդը, հնարավոր սխալների շրջանակը և չի հստակեցրել՝ հարցումն անվճար է եղել, թե վճարովի»: Ավելի ուշ՝ հոկտեմբերի 10-ին, հարցման արդյունքները հրապարակելիս կրկին չեն նշվել հարցման ամսաթիվը, մեթոդը և հնարավոր սխալի շրջանակը։
Նշենք, որ Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ ընտրությունների հետ կապված սոցհարցումների արդյունքները հրապարակելիս պետք է նշել, թե ով է պատվիրել հարցումը, արդյոք հարցումը վճարովի է, թե անվճար, ինչպես նաև այն կազմակերպությունը, որն անցկացրել է հարցումը, հարցման ամսաթիվը, մեթոդը, հարցման մեջ օգտագործված հարցերի ճշգրիտ ձևակերպումը և հնարավոր սխալների շրջանակը: