Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) պահպանողական և բռնի կոչերով հայտնի «Ալտ-Ինֆո» հեռուստաընկերությանը (ՀԸ) զգուշացրել է ոչ նախընտրական շրջանում քաղաքական գովազդ տարածելու համար:
«Մասնավորապես, «Ալտ-Ինֆո»-ի եթերում տեսանյութ է տարածվել, որում «Ալտ-Ինֆո»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ մասնակցելու են ընտրություններին, չնայած՝ «Վրացական երազանք»-ի (իշխող կուսակության-հեղ.) կողմից իրենց երկու քաղաքական կուսակցությունների («Պահպանողական շարժման» և «Վրացական գաղափարի»-հեղ.) անօրինական արգելափակմանը։ Իրենք և մյուս պահպանողական ուժերը քաղաքական պայքարի մեջ կմտնեն միասնական ցուցակով և միասնական դաշինքով, արդյունք ցույց կտան։ Նա նաև հանդես է գալիս հետևյալ կոչով. «Կանգնեք մեր կողքին, եթե ցանկանում եք, որ բացի «Նացեր»-ից և «Քոցեր»-ից (նկատի ունեն՝ «Միացյալ ազգային շարժմանը» և «Վրացական երազանքին»-հեղ.), այլ ընտրություն ևս լինի»,- ասված է ComCom-ի հայտարարության մեջ։
ComCom-ը համարում է, որ տեսանյութը ծառայում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» քաղաքական միավորումների ընտրությունը կանխելուն։ Հանձնաժողովը դա գնահատել է որպես քաղաքական գովազդ, որի տեղադրումը հեռարձակողը սահմանափակել է «Ընտրական օրենսգրք»-ով նախատեսված ժամկետից և ընթացակարգից դուրս։
Ի դեպ, «Ալտ-Ինֆո» հեռուստաընկերությունը հոմոֆոբ և ռուսամետ քաղաքական շարժման մեդիա հարթակ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դադարեցրել էր ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-Ինֆո»-ի «Պահպանողական շարժում» և «Վրացական գաղափար» կուսակցությունների` ընտրությունների գրանցման ընթացակարգը։
Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ նախընտրական քարոզարշավը (ագիտացիա) սկսվում է ընտրությունների օրվանից 60 օր առաջ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։