ComCom-ը տուգանել է ընդդիմադիր «Մթավարի արխի» ՀԸ-ին

Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը (ՀԸ) տուգանել է 5000 լարիով: ՀԸ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է՝ ComCom-ի որոշումը կբողոքարկվի դատարանում։

ՀԸ-ի պարզաբանմամբ՝ ComCom-ը տուգանք է սահմանել իշխող «Վրացական երազանք»-ի պատրաստած քաղաքական գովազդը չհեռարձակելու պատճառով: ՀԸ-ի իրավաբան Թամթա Մուրադաշվիլիի խոսքով՝ հոլովակը վերաբերել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչը հակասում է օրենքին, քանի որ վերջիններս քաղաքական սուբյեկտներ չեն։

«Այս հոլովակը, որի կոնկրետ հատվածը վիճարկվում է, հակասում է օրենքին, մասնավորապես՝ նպատակային վերցված են քաղաքացիներ, այն է՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք քաղաքական սուբյեկտներ չեն, ոչ էլ ԿԸՀ-ում գրանցված քաղաքական սուբյեկտներ են, նրանք չեն մասնակցում ընտրություններին, իսկ օրենսդրության համաձայն՝ նախընտրական գովազդն այնպիսի գովազդ է, որը գովազդում է հենց քաղաքական սուբյեկտին, այսինքն՝ կուսակցությանը»,- ասել է Մուրադաշվիլին։

Ըստ նրա՝ իշխող «Վրացական երազանք»-ը պնդում է, որ այդ ուղերձը լինի այս մարդկանց դեմ. նրանք ներկայացվում են որպես հասարակության «բարոյական կործանիչներ»։ «Չնայած դրան, հաղորդակցության հանձնաժողովը համարել է, որ նման հոլովակ պետք է հեռարձակվի», — ասել է իրավաբանը: