
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Չապլինո երկաթուղային կայարանի վրա ռուսական բանակի հարձակմանը:
Զուրաբիշվիլին հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդին։
«Ես ցնցված և տխուր եմ Չապլինոյի երկաթուղային կայարանի վրա Ռուսաստանի հարձակումից: Սարսափելի հարձակում, խաղաղ բնակչության նկատմամբ բռնության բարբարոսական դրսևորում Ուկրաինայի անկախության օրը: Ես սգում եմ մարդկային ողբերգական կորուստը: Վրաստանը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին»,- Twitter-ում գրել է նախագահը:
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է օգոստոսի 24-ին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Չապլինո երկաթուղային կայարանի վրա կատարված հարձակումը՝ միաժամանակ պնդելով, որ ռազմական էշելոն է ոչնչացվել։
Ուկրաինայի իշխանությունները հրապարակել են պայթած վագոնների լուսանկարները և հայտնել, որ զոհվել է 25 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 11 և 6 տարեկան երկու երեխա: