Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին Պանկիսիի կիրճի բնակիչների հետ հանդիպումներ է անցկացնում, ծանոթանում նրանց խնդիրներին: Այս մասին հայտնում են պետնախարարի գրասենյակից:
Ըստ հաղորդագրության, պետնախարարի և բնակչության մի մասի հանդիպումը, որը տեղի է ունեցել կառավարության շենքում, տևել է ավելի քան մեկ ժամ: Պանկիսցիները պետնախարարին ներկայացրել են կիրճի բնակիչների խնդիրներն ու ընդգծել կառավարության և բնակչության միջև հաղորդակցման ավելացման անհրաժեշտությունը:
Հանդիպման մասնակիցներից մեկի՝ Իսլամ Գորգիշվիլիի խոսքերով, պետնախարարը խոստացել է, որ հնչեցված բոլոր առաջարկությունները հետագայում, անպայման, հաշվի կառնվեն:
Հանդիպման ընթացքում Ցիխելաշվիլին ընդգծել է, որ պատրաստ է խոսել Պանկիսիի բնակիչներին մտահոգող ցանկացած խնդրի մասին։
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի առավոտյան Պանկիսիի մոտ 50 բնակիչ՝ ի նշան բողոքի փորձել է խոչընդոտել Ալազան գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Սրան ի պատասխան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ ջոկատայիններ է մոբիլիզացրել տարածքում, որից հետո տեղի է ունեցել բախում՝ բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են վիրավորվել: Իրենց հերթին քաղաքացիները քարեր են նետել, ինչի հետևանքով տասնյակ ոստիկաններ ու հատուկ ջոկատայիններ են տուժել
Ավելին այստեղ՝ Բախումներ Պանկիսիում անդրադարձում։