Ռուսաստանից Վրաստան թռիչքների արգելքի պատճառով ռուսական ավիաընկերություններին հասցված վնասը գերազանցել է 1 միլիարդ ռուբլին (15,3 միլիոն դոլար): Ռուսական «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ միայն Pobeda ավիաընկերության կորուստը հասնում է 500 միլիոն ռուբլիի:
S7 ավիաընկերության կորուստը գնահատվում է 600 միլիոն ռուբլի, իսկ Red Wings-ում կորուստը կազմում է 200 միլիոն ռուբլի: Սակայն նշվում է, որ չնայած խոստմանը, տրանսպորտի նախարարությունը չի փոխհատուցի վնասները:
Հիշեցնենք՝ ս.թ. հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց, որով ռուսական ավիաընկերություններին արգելվեց հուլիսի 8-ից Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան տեղափոխել: Վլադիմիր Պուտինն այս որոշումը կայացրեց Վրաստանում հակառուսական ցույցերից հետո:
Կառավարության տվյալներով՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումների վերականգնումը Նյու Յորքում Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից մեկն էր: Ինքը՝ Լավրովը, այս հարցը ավելի ուշ ռուսական մամուլի միջոցով բարձրաձայնեց: