Վրաստանի գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի ներկայացուցիչ Տարիել Իրեմաձեի խոսքով, 2023 թվականի հունիսից կսկսվի տրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումների կազմի հսկողությունը։
Իրեմաձեն նշել է՝ առաջին փուլում օրենքը կիրականացվի 4 քաղաքում` Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում:
«Շրջակա միջավայրի պահպանության վարչության պարեկային և արագ արձագանքման ծառայության աշխատակիցները ճանապարհներին կկանգնեցնեն ցանկացած տիպի ավտոմեքենա և հատուկ գործիքներով կստուգեն վնասակար նյութերի արտանետումները։
Տուգանքները սահմանվում են հետևյալ կերպ՝ խախտում արած անձն առաջին անգամ կտուգանվի 100 լարի, 30 օրվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում՝ 300 լարի»,- բացատրել է Իրեմաձեն։
Ըստ Իրեմաձեի՝ առաջին փուլում, անշուշտ, ուշադրությունը կկենտրոնացվի տեսանելի արտանետումների վրա: Նրա խոսքով, եթե կոնկրետ տրանսպորտային միջոցում հայտնաբերվի վնասակար նյութերի ավելցուկ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը համամիտ չլինի արդյունքներին, նա կարող է պահանջել մեքենան տեղափոխել մոտակա տեխզննման կենտրոն, այստեղ մեքենան նոր տեխզննում կանցնի ոչ միայն արտանետումների համար:
«Եթե մեր ներկայացրած արդյունքները հաստատվեն, կազմված արձանագրությունը կմնա ուժի մեջ, իսկ եթե չհաստատվի, և այլ արդյունք լինի՝ տուգանքը կչեղարկվի, և այս դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատերը տեխզննման համար չի վճարի»,- ասել է Իրեմաձեն: