
Միավորված ընդդիմությունը, չնայած Թելավիի քաղաքապետարանի բացասական պատասխանին, իր ակցիան կանցկացնի քաղաքի կենտրոնում: Այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» քաղխորհրդի անդամ, շրջանային կազմակերպության ղեկավար Գիորգի Բոտկովելին:
Բոտկովելիի խոսքերով, Թելավիի քաղաքապետարանը միավորված ընդդիմության կողմից խաղաղ ակցիա անցկացնելու վերաբերյալ դիմումին անհիմն պատասխան է տվել՝ ասելով, որ նշված տարածքը երդմնակալության համար անհրաժեշտ տարածքին է պատկանում:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը Թելավիում ակցիա անցկացնելու համար քաղաքապետարանին երկու օր առաջ էր դիմել, քաղաքապետարանը պատասխանել էր այսօր:
Դեկտեմբերի 16-ին Թելավիի կենտրոնում գտնվող Բատոնի ամրոցի տարածքում տեղի կունենա Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։