Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբխազիայի դե ֆակտո վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նիկ Բերեսֆորդի և Աբխազիայի դե ֆակտո նախագահի միջազգային հումանիտար հարցերով ներկայացուցիչ Զուրաբ Լակերբայայի հետ, քննարկվել են UNDP-ի նախագծերը։
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել UNDP-ին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար, որն արտացոլված է Աբխազիայի բժշկական հաստատությունների և լաբորատորիաների նյութատեխնիկական սարքավորումների ապահովմամբ։ Կողմերը քննարկել են համագործակցության ոլորտները, սահմանել առաջնահերթություններ (առողջապահության և ագրո ոլորտներ)», — ասված է տարածvած հաղորդագրության մեջ։
Աբխազիայի դե ֆակտո վարչապետը նշել է, որ «իրենց համար կարևոր են այն ռեսուրսները, որոնք կկարողանան համակարգված լուծել առկա խնդիրները.
«Օրինակ, երկրի շատ դպրոցներ վերանորոգման, իսկ բուժհաստատությունները ժամանակակից սարքավորումների խիստ կարիք ունեն»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բերեսֆորդը հայտնել է, որ կազմակերպությունն ունի առաջիկա քայլերի մոտավոր պլան, որը գտնվում է ծախսերի և ֆինանսավորման մեխանիզմների մշակման փուլում։
Հատկանշական է, որ Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան էլ մի քանի հանդիպումներ է անցկացրել Աբխազիայում աշխատող միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ ներառյալ World Vision-ը, Փախստականների հարցերով դանիական խորհուրդը, UNDP-ն՝ նրանց արգելելով իրականացնել վրաց-աբխազական նախագծեր: