Չինաստանն ԱՄՆ դեսպանի հայտարարություններն աբսուրդային է որակում

Լուսանկարը՝ radiotavisupleba-ից

Պեկինը «խստորեն դատապարտում է» Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը՝ չինական ընկերության կողմից Վրաստանի Անակլիա նավահանգստում ներդրումներ կատարելու մասին, հայտնում է Վրաստանում Չինաստանի դեսպանատունը։

Դեսպանատունը ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի հայտարարություններն «աբսուրդային» է որակում:

«Վրաստանում ԱՄՆ դեսպանատան բարձրաստիճան դիվանագետի պնդումներն այն մասին, որ China Communications Construction Company (CCCC) բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը, և, որ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Ռուսաստանի ռազմական մեքենայի թիվ մեկ բանկիրներն ու ֆինանսիստներն են՝ աբսուրդային են, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը», — հայտնել են Չինաստանի դեսպանատնից:

Հայտարարության համաձայն՝ «չինական կողմն ընդգծում է, որ վերոնշյալ հայտարարությունը հակասում է Չինաստանի նախագահ Սի Ձինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից համաձայնեցված Սան Ֆրանցիսկոյի տեսլականին».

«Չինական կողմը ցավում է, որ ամերիկացի դիվանագետը պրոֆեսիոնալիզմ չի դրսևորել հայտարարություն անելիս»:

Ի դեպ, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները հանդիպել են Սան Ֆրանցիսկոյում 2023 թվականի նոյեմբերին, որից հետո երկու երկրների բանակների միջև կապը վերականգնվել է։

Նշենք, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել էր, որ չինական China Communications Construction Company Limited (CCCC) ընկերության մեծ մասի սեփականատերը, որի հետ Վրաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել (Անակլիա նավահանգստի նախագծի հարցով-հեղ.), Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունն է։