Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը քննադատել է Չինաստանի հետ Վրաստանի կառավարության մերձեցման քաղաքականությունն այն բանից հետո, երբ հրապարակվեց Չինաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարությունը։
«Մինչ բոլորը փորձում են տնտեսական անկախություն ձեռք բերել Չինաստանից, Վրաստանն այլ ճանապարհ է ընտրում»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պատգամավորը:
Կրամոնը հեգնանքով հավելել է՝ երևի թե դեպի Եվրոպա ամենաճիշտ ճանապարհը Ռուսաստանին օգնելն է խուսափել պատժամիջոցներից և տնտեսական կապերը խորացնելն է Չինաստանի հետ:
Ի դեպ, պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել Չինաստան-Վրաստան գործարար համաժողովում։ Նա իր անկեղծ ուրախությունն է հայտնել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Վրաստանի կառավարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրի ստորագրման կապակցությամբ։
Վարչապետը վստահեցրել է, որ այս նորարարական փաստաթուղթը կնպաստի Չինաստանի և Վրաստանի միջև շահավետ համագործակցությանը։