Չինաստանի համար Վրաստանն ընդամենը «լիցքավորման» ճանապարհ է. վերլուծաբաններ

Վրացի վերլուծաբանների գնահատմամբ՝ Վրաստան-Չինաստան ռազմավարական համագործակցության և երկու երկրների միջև կապերի խորացումը շատ նենգ ու վտանգավոր ծրագիր է: Ըստ նրանց՝ գործ ունենք Վրաստանի շահերի վաճառքի հետ:

Վերլուծաբանների կարծիքով, չինացիները Վրաստանում ռազմավարական շահեր չունեն, սա նրանց «լիցքավորման» ճանապարհն է:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ ցանկացած երկրի հետ հարաբերությունների խորացումը վատ բան չէ, մանավանդ՝ Չինաստանի հետ, որն ունի հսկայական շուկա, նաև` Չինաստանը վարում է Վրաստանի օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականություն: Սակայն, ըստ Մելաշվիլիի՝ ցանկացած երկրի հետ հարաբերությունների խորացման ժամանակ պետք է հաշվի առնել ժամանակն ու համատեքստը:

Ըստ նրա՝ այն ժամանակ, երբ Ուկրաինայում պատերազմ է, երբ Չինաստանը Ռուսաստանին «պասիվ» աջակցություն է ցուցաբերում, Վրաստանի ընտրությունը՝ խորացնել հարաբերությունը Չինաստանի հետ այս ժամանակահատվածում ու համատեքստում՝ վատ է:

«Մյուս կողմից՝ ստորագրված պայմանագրից կշահի միայն Չինաստանը: Երբ կարդացի պայմանագիրը, առաջին հայացքից տպավորություն ստեղծվեց, որ Չինաստանը գրել-սևագրել է, իսկ հետո Վրաստանն ասել է՝ ինչ կա որ, եկեք ստորագրենք:

Այն հարցերը, որոնք կարևոր են Չինաստանի համար, հստակ գրված են, իսկ Վրաստանին առնչվող հարցերը, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը, կարծես երկրորդ պլան է մղված»,- ընդգծեց Մելաշվիլին և հավելեց՝ այս փաստաթուղթը դիվանագիտական առումով դրական է Չինաստանի համար, իսկ դրա դրական արժեքը Վրաստանի համար ռիսկային է:

Մելաշվիլին նաև ընդգծեց աշխարհաքաղաքական իրողությունը: Նրա խոսքով, երբ Արևմուտքը մինչ ուկրաինական պատերազմը մարտահրավեր էր համարում Ռուսաստանը, ապա այժմ մարտահրավեր է Չինաստանը: Եվ այդ դեպքում Վրաստանը եթե Արևմուտքի ռազմավարական գործընկերն է, ինչո՞ւ հիմա և այս համատեքստում պայմանագիր կնքել Չինաստանի հետ:

Ըստ քաղաքագետի՝ նշված իրողության պատճառն այն է, որ չեն եղել ոչ մի կարգի խորհրդարանական խորհրդակցություններ, չեն եղել փորձագետների հետ քննարկումներ, այլ ամենը որոշվել է մեկ անձի կողմից, ինչը վտանգում է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներն ու պետականությունը:

Վրաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդրե Թվալճրելիձեի խոսքով, Չինաստանը հազարամյակների ընթացքում շատ դանդաղ, լատենտ, բայց հետևողականորեն փորձում է իրականացնել իր նպատակները։ Չինական մտածելակերպի համար չկան սերունդներ, կա միայն տասնյակ հազարավոր տարիների պատմություն ունեցող ժողովուրդ։ Չինացիները կենտրոնացած են ոչ թե պահի, այլ ապագայի վրա:

Ըստ Թվալճրելիձեի՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Չինաստանը հայտարարեց աշխարհի երկրորդ երկրի կարգավիճակին հավակնելու մասին, այսինքն՝ մտադիր էր փոխարինել Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում, և դա անում է քայլ առ քայլ, անշտապ.

«Խորհրդային Միության փլուզումից հետո Չինաստանը սկսել է համագործակցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ, իսկ այսօր փաստացի դուրս է մղել Ռուսաստանին Ուզբեկստանից ու Ղազախստանից»:

Ի դեպ, Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հայտնի է դարձել Ղարիբաշվիլիի Չինաստան կատարած այցի ժամանակ։ Վրաստանի կառավարության տվյալներով, վարչապետ Ղարիբաշվիլին և Չինաստանի նախագահ Սի Ձինպինը պայմանավորվել են ռազմավարական գործընկերության շուրջ։

ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և հայտարարել, որ շարունակելու են հետևել հետագա քայլերին։ Պետդեպը նշել է՝ ոչինչ չունեն Վրաստանում այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներդրումների դեմ:

Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը քննադատել է Չինաստանի հետ Վրաստանի կառավարության մերձեցման քաղաքականությունն այն բանից հետո, երբ հրապարակվեց Չինաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարությունը։