Ըստ Վրաստանի հանրային առողջության կենտրոնի ղեկավարի` չինական «Սինոֆարմով» պատվաստվելու են որոշակի խմբեր`ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակները, ոստիկանները, Արդարադատության տան աշխատակիցները:
Վերջնական որոշումն ընդունվելու է երկուշաբթի` միջգերատեսչական խորհրդի նիստում: Ըստ Գամկղրելիձեի` 700 հազար մարդու կրկնակի պատվաստման համար անհրաժեշտ է 3,5-3,9 մլն. դոզա պատվաստանյութ: «Ֆայզերով» արդեն մոտ 14 հազար մարդ է պատվաստվել, «Աստրազենեկայով»` մոտ 20 հազար: Մայիսի 15-ից սկսելու են «Աստրազենեկայով» պատվաստման 2-րդ փուլը:
«Սինոֆարմով» պատվաստումը սկսվելու է մայիսի 4-ից: Չինական այս պատվաստանյութով աշխարհում 150 միլիոն մարդ արդեն պատվաստվել է: Վրաստանը 100 հազար չափաբաժին ունի, հունիս-հուլիսին կես միլիոն հավելյալ դոզա կստանա: Հիմա սպասում են նաև «Աստրազենեկայի» 86 հազար չափաբաժին, այլ պատվաստանյութեր ներմուծելու համար բանակցություններ են տարվում։