Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի ֆոնին՝ Վրաստանում շատ է խոսվում երկրի չեզոքության (նեյտրալիտետի) մասին։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 17-ին կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել էր, թե ինքը տեղեկություն է ստացել տարբեր երկրների դիվանագիտական ծառայություններից և «այդ թվում լուրջ երկրի հատուկ ծառայություններից», որ Ռուսաստանը սադրանք է պատրաստում Վրաստանի օկուպացված տարածքներում, որպեսզի Վրաստանի կառավարությունից պահանջի չեզոքություն հայտարարել։
Ըստ Սաակաշվիլիի՝ «խոսքը Վրաստանի օկուպացված տարածքների ներսում և բաժանարար գծի երկայնքով սադրանքների ծրագրի մասին է»։
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին էլ հայտարարել էր, որ Վրաստանը չի սկսել և չի սկսի խոսել չեզոքության մասին, քանի որ երկիրը մեծ էներգիա և մարդկային կյանք է ներդրել միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար։
«Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցաւթյան առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով՝ «որոշ խմբեր խոսում են չեզոքության մասին և, ցավոք, չեն հասկանում այսօր առկա աշխարհաքաղաքական իրավիճակը»։ Ինչպես Վաշաձեն էր նշել՝ «բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ չեզոքությունը կփրկի Վրաստանը, մոլորության մեջ են»։
Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ չեզոքությունն այնպիսի իրավական իրավիճակ է, երբ պետությունը չի միանում ոչ մի ռազմաքաղաքական դաշինքի և կարողանում է սեփական ուժերով ապահովել իր անվտանգությունը։
Վասաձեն, որպես դասական օրինակ բերում է Շվեյցարիան, որը չի միացել ոչ մի ռազմաքաղաքական դաշինքի, ունի հզոր բանակ և կարողանում է ապահովել անվտանգությունը.
«Երբ խոսում ենք Վրաստանի չեզոքության մասին, ապա Վրաստանը նախ պետք է ունենա այնպիսի հզոր բանակ, որ մինիմում հարևան պետությունը չհամարձակվի հարձակվել։ Կամ կարող է լինել այնպիսի պետությունների հետ, որոնք երաշխավոր կլինեն և հարձակման պարագայում պատրաստ կլինեն մասնակցել պաշտպանությանը և կօգնեն Վրաստանին»։
Վասաձեն ընդգծում է, որ չեզոքության մասին խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, բայց այդ ամենը համեմատել այնտեղի օրինակի հետ՝ սխալ է։
«Ուկրաինան ցանկանում էր ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնել, որպեսզի Ռուսաստանի հարձակման պարագայում օգնություն ստանար։ Սակայն, այն ինչ մենք հիմա տեսնում ենք, վստահ կարող ենք ասել, որ Ուկրաինան կարողանում է պաշտպանել իրեն։ Ճիշտ է, արևմուտքն օգնում է զենքով, ֆինանսապես, բայց դիմադրությունն ակնհայտ է»։
Վասաձեի խոսքով, Վրաստանի պարագայում, եթե լինի հարձակում Ռուսաստանի կամ որևէ երկրի կողմից, ապա իրավիճակը պարզ է։
«Եթե մենք ունենանք հզոր բանակ, որը կկարողանա պաշտպանել մեզ՝ ցանկացած զինված հարձակաման ժամանակ, ապա մենք ևս կարող ենք խոսել չեզոքության մասին, իսկ եթե ոչ, ապա չենք կարող, ցավոք»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Վասաձեն։
Վասաձեն նաև նշում է, որ նախ Վրաստանը չունի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ, և հետո, Վրաստանի երկու շրջաններն օկուպացված են Ռուսաստանի կողմից։ Եվ, եթե ամեն դեպքում իշխանությունները սկսեն բանակցել չեզոքության շուրջ, ապա նախ պետք է ճանաչեն այս երկու շրջանների անկախությունը։
Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիդ Բրագվաձեի խոսքով՝ չեզոքության մասին շատ կարելի է խոսել և դրա մի քանի մոդել կա, սակայն դա ոչ բոլոր երկրներում է լավ արդյունքների բերել։
«Մենք ունենք, օրինակ, մոլդովական մոդելը, որը ոչինչ չի տալիս այս երկրին և մշտապես գտնվում է Ռուսաստանի տարբեր ճնշումների տակ», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Բրագվաձեն։
Ըստ փորձագետի՝ Վրաստանն ավելի ակտիվ է իր միջազգային գործընկերների հետ համագործակցության մեջ։ Բրագվաձեի խոսքով՝ մի կողմից պետք է շարունակել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, սակայն կարելի է զուգահեռ գործընթաց սկսել ու աշխատել, օրինակ, ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Հարցին, թե ինչ պարագայում Վրաստանի կառավարությունը կարող է խոսել չեզոքության մասին՝ Բրագվաձեն ասում է.
«Կառավարությունը կարող է սկսել խոսել չեզոքության մասին Ռուսաստանի հատուկ ճնշման ներքո, կամ եթե այդ ճնշումը մեծացնի պատերազմի հավանականությունը։ Նման պարագայում չի բացառվում, որ Վրաստանի իշխանություններն այս կերպ փորձեն խուսափել պատերազմից ու լայնածավալ հակամարտությունից։ Թվում է, թե Թբիլիսին տեսնում է նման հնարավորություն և զգուշորեն, բայց դեռ փորձարկում է այդ գաղափարը»։
Բրագվաձեն, սակայն, Ուկրաինայի հետ պատերազմի համատեքստում չեզոքության մասին խոսելն արդարացված չի համարում։
«Վրաստանում որոշ շրջանակներ՝ հիմնականում ռուսամետ ուժեր, փորձում են կարծիք հաստատել, որ Ուկրաինան զիջում է և համաձայնում է չեզոքության՝ չնայած մեծ զոհողություններին։ Փաստորեն, Ուկրաինան անվտանգության նոր երաշխիքներ է փնտրում, և այդ փորձը կապ չունի չեզոքության հետ»,- ընդգծում է Բրագվաձեն։
Բրագվաձեի կարծիքով, եթե Վրաստանի կառավարությունը լրջորեն փորձի խոսել չեզոքության մասին և Վրաստանի սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու նպատակը, ապա, դա շատ բուռն արձագանք կստանա բնակչության կողմից։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Քաղաքացիական գաղափար» հասարակական կազմակերպության ղեկավար Թինա Խիդաշելին գրառում էր արել, որում ասվում էր, որ երկրի չեզոքությունը նշանակում է օտարերկրյա օկուպացիոն ուժերի դուրսբերում ամբողջ երկրից, Վրաստանի պարագայում՝ ռուսական զորքերի դուրսբերում Աբխազիայից և Հարավային Օսիայից.
«Մնացած բոլոր դեպքերում, եթե մենք չենք կարողանում վերադարձնել մեր տարածքները և չենք կարողանում չեզոքություն հայտարարել միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դա նշանակում է, որ մենք կամավոր հրաժարվում ենք Աբխազիայից և Հարավային Օսիայից»:
Ըստ Խիդաշելիի՝ եթե ռուսական զինված ուժերը չլքեն Վրաստանը, ապա Վրաստանը փաստացի կհայտարարի կապիտուլյացիայի մասին, որը կանվանվի չեզոքություն:
«Եթե Ռուսաստանը չհրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից և թողնի իր «դեսպանատները» Ցխինվալիում և Սոխումում, մենք պարզապես կհրաժարվենք ինքնիշխանությունից»,- գրել է Խիդաշելին:
Խիդաշելին նաև նշել էր, որ «չեզոքությունը ռուսերեն ավելի շատ կապիտուլյացիա է, քան միջազգային իրավունքով պաշտպանված պետական չեզոքություն»։
Այսօր՝ մարտի 29-ին կայացած խորհրդարանի լիագումար նիստում ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության անդամ Պաատա Մանջգալաձեն հույս է հայտնել, որ խորհրդարանում երբեք չեզոքության հարց չի բարձրացվի։ Ըստ Մանջգալաձեի՝ տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակի ֆոնին, երբ «Պուտինի հակամարդկային ռեժիմը» փորձում է ոչնչացնել ազատատենչ ուկրաինացի ժողովրդին, Վրաստանն իրականում անգործ մնալու ժամանակ չունի։
«Այս իրավիճակում մենք պետք է համաձայնվենք և բոլորս պետք է ընդունենք, որ միակ լուծումը մեր ազգային միասնության ցուցադրումն է»,- ասել է Մանջգալաձեն։