Չեխիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների նկատմամբ

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու նախաձեռնությամբ երեկ՝ հունվարի 29-ին, կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Այդ մասին նախարարը գրել է X-ում։

«Այսօր իմ նախաձեռնությամբ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ՆԳՆ երեք աշխատակցի նկատմամբ։

Պատճառը նրանց անմիջական պատասխանատվությունն է անցյալ տարի Վրաստանում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու համար։ Մենք նրանց Չեխիայում չենք ուզում տեսնել»,- գրել է Լիպավսկին։

Չեխական լրատվամիջոցները նշել են այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնց նկատմամբ Չեխիան պատժամիջոցներ է կիրառել։

Նրանք են`

Զվիադ Խարազիշվիլի (Խարեբա) — ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության պետ,

Վաժա Սիրաձե — պարեկային ոստիկանության պետ,

Միրզա Կեզևաձե — ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության (Խարեբա) ղեկավարի տեղակալ։