Վրաստանում ընդդիմությունը սկսել է շրջափակել խորհրդարանի շենքի մուտքերը։ Այս հրահանգը ցուցարարներին տվեց նախկին իշխող՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար, Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։
«Բոլորը՝ մինուս 1 ․ Բիձինան պետք է գնա» ակցիային Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մասնակցում են ավելի քան 20 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
«Չենք հեռանում, փակում ենք խորհրդարանի մուտքը, քանի որ այդ օրգանը սպառել է իր գործառույթը» —ցուցարարներին է դիմել Վաշաձեն՝ կոչ անելով օգտագործել «բոլոր ռադիկալ գործիքները, որոնք նախատեսվում են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ՝ Վրաստանը քաղաքացիներին վերադարձնելու համար։
ՄԱՇ-ի առաջնորդը նաև դիմել է ՆԳՆ-ին՝ հորդորելով չկրկնել «գավլրիլովյան գիշերվա» իրադարձությունները, երբ բազմահազարանոց ակցիայի մասնակիցների դեմ հատուկ միջոցներ կիրառվեցին։
Ցուցարարների պահանջներն, ըստ ընդդիմադիր գործիչի՝ անփոփոխ են․
- «կրիմինալ կառավարության» հրաժարական
- Արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ
- «Գավրիլովյան գիշերից» հետո (հունիսի 20-21) ձերբակալված քաղբանտարկյալների ազատ արձակում
- Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի՝ Ցխինվալիի բանտից ազատ արձակում
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 15։00-ից Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է մեկնարկել, որն, ըստ մասնակիցների՝ չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահնաջները չեն բավարարվել։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հատուկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ցուցարարներին՝ հարգել օրենքն ու ենթարկվել իրավապահների հրահանգներին, այլապես կդիմեն հատուկ միջոցների։