Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ դրական որոշման է սպասում։
RadioTavisupleba-ի փոխանցմամբ՝ Պապուաշվիլին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ 12 առաջարկություններում կան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել մեկանգամյա գործողությամբ։ Ըստ նրա՝ այդպիսի օրինակ է ապաբևեռացումը, որը մեկանգամյա խնդիր չէ և շարունակական է:
«Հունիսից մի քանի ամիս է անցել, և հիմա պետք է վերագնահատումը հրապարակվի: Դրա համար մենք աշխատել ենք Եվրահանձնաժողովի հետ այն հարցերի շուրջ, որոնք բաց էին: Մեր ակնկալիքն այն է, որ 3-ից ավելի առաջարկություններ իրականացված կհամարվեն և համապատասխան կերպով կգնահատվեն: Մյուս կողմից, իհարկե, մենք չենք ակնկալում, որ բոլոր 12 հանձնարարականները 100 տոկոսով կատարված կհամարվեն՝ ոչ Վրաստանի, ոչ Ուկրաինայի, ոչ Մոլդովայի պարագայում»,- ասել է Պապուաշվիլին։
Ի դեպ, հավանաբար, նոյեմբերի 8-ին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո, մինչև 2023 թվականի ավարտը, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։
2022 թվականին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։