Չեմ ուզում Տիխանովսկայա կամ Գոնսալես դառնալ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ծրագրում լքել Վրաստանը և չի ցանկանում իրադարձությունների զարգացման տարբերակներ տեսնել նման սցենարով։ Հարցազրույցը դեկտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ձայնագրել է TVP World լրատվամիջոցը: Զուրաբիշվիլին արդեն Վրաստանում է։

«Ես չեմ լքել Վրաստանը, եկել եմ այստեղ (Ստրասբուրգ, Եվրախորհրդարանում ելույթ ունենալու համար — հեղ.) ընդամենը 24 ժամով։ Սա քննարկման հարց չէ», — ասել է նախագահն ի պատասխան լրագրողի այն հարցի, թե առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի, արդյոք մտադի՞ր է վերադառնալ Վրաստան։

Վրաստանի նախագահը նաև ասել է, որ չի ցանկանում դառնալ բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայա կամ Վենեսուելայի նախագահ Էդմունդո Գոնսալես. «Ես դա չեմ ուզում։ Երբ ամեն ինչ ավարտված է, ի՞նչ օգուտ կբերի այդ տեսակ աջակցությունը: Ես հիմա աջակցության կարիք ունեմ իմ երկրում, իմ բնակչության հետ միասին»:

Վենեսուելայում 2024 թվականի հուլիսի 28-ին նախագահական ընտրություններ են կայացել: Վարչակազմը հաղթող է ճանաչել Նիկոլաս Մադուրոյին, որը հավաքել էր ձայների 51 տոկոսը։ Դրան հաջորդել են բազմաթիվ բողոքի ցույցեր։ Ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը, որ պատսպարվել էր Իսպանիայի դեսպանատանը, հարկադրված է եղել լքել երկիրը իրեն ձերբակալելու հրամանից հետո։ Նոյեմբերի վերջին ԱՄՆ կառավարությունը վտարանդի Էդմունդո Գոնսալեսին հայտարարեց Վենեսուելայի ընտրված նախագահ։

Բելառուսում 2020 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին նախագահ է դարձել։ Արդյունքների հրապարակումից հետո հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են սկսել` նաև զոհեր տալով։ Ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, որ իրեն համարում էր ընտրությունների հաղթող, հարկադրված էր լքել երկիրը։ ԱՄՆ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին չի համարում օրինական նախագահ:

2024 թվականի դեկտեմբերի 14-ին Վրաստանի պատմության մեջ առաջին անուղղակի նախագահական ընտրություններում, որոնց լեգիտիմությունը չի ճանաչում գործող նախագահը և մեծ թվով իրավաբան փորձագետներ, «Վրացական երազանք»-ի ընտրական կոլեգիան քվեարկեց միակ թեկնածու, նախկին ֆուտբոլիստ, հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի Միխայիլ Կղավելաշվիլիի օգտին՝ նրան դարձնելով երկրի 6-րդ նախագահը: Կղավելաշվիլիի երդմնակալությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։