Չեմ կարողանում շարժվել, ձախ աչքով չեմ տեսնում. Գիորգի Չիկվաիձե

Անազատության մեջ գտնվող գործարար Գիորգի Չիկվաիձեն, որ մեղադրվում է խոշոր չափերի գումարի յուրացման համար և մարտի 12-ից հացադուլի մեջ է, նամակ է հրապարակել, ըստ որի` ձախ ոտքի զգացողությունը կորցրել է և ձախ աչքով այլևս չի տեսնում։

Չիկվաիձեն իրավիճակի լրջությունը կապում է մարտի 13-ի «ճակատագրական գիշերվա» հետ, որի մանրամասները չի բացահայտում։

Հիշեցնենք, որ Գիորգի Չիկվաիձեն ձերբակալվել էր դատարանի դահլիճում մարտի 11-ին. Նա հաջորդ օրը հայտարարեց լիակատար հացադուլ։

«Տասներեքերորդ օրն է լիակատար հացադուլի մեջ եմ: Վիճակս վատթարացնում է այն, ինչ տեղի ունեցավ մարտի 13-ի չարաբաստիկ գիշերը, որի մի մասը հիշում եմ, բայց վերջին դրվագը չեմ հիշում: Ավելի մանրամասն չեմ կարող ասել: Հետևանքն այն է, որ կորցրել եմ ձախ ոտքիս զգացողությունը և չեմ կարողանում շարժվել: Ձախ աչքիս տեսողությունն ամեն օր վատանում է»,- ասել է նա։

Հիշեցնենք. մարտի 11-ին ձերբակալված Չիկվաիձեն քրեակատարողական կլինիկա է տեղափոխվել հացադուլի 9-րդ օրը՝ մարտի 20-ին, առողջական վիճակի վատթարացման պատճառով։