#CheckinTbilisi. «Մարիխուանայի օրինականացման փառատոն», «Հացի փառատոն», «Գիշերը թատրոնում»

Ի՞նչ անել շաբաթավերջին Թբիլիսիում. Հարցին շարունակում ենք պատասխանել՝ #CheckinTbilisi նախագծի շրջանակներում ներկայացնելով թբիլիսյան լավագույն միջոցառումները: Եվ այսպես, շաբաթավերջին երկու փառատոն է նախատեսվում ՝ հացի և մարիխուանայի: Այս մասին ավելի մանրամասն մի փոքր հետո, մինչ այդ առանց ավանդույթը խախտելու մեր ցանկը սկսենք ուրբաթ օրվա միջոցառումներից.

«Լինենք միասին» խորագրով ցուցահանդեսը, որ բացվել է հոկտեմբերի 18-ին, գալիք վիքենդը ժամանակակից արվեստով սկսելու լավ տարբերակ է: Սա «Լոկալից գլոբալ» նախագծի մի մասն է հանդիսանում, որտեղ բրիտանացի ու վրացի նկարիչների երկշաբաթյա համագործակցության արդյունքներն են ներկայացված: Ցուցահանդեսն անցկացվում է Վրաստանի ազգային թանգարանում:

 

 

 

 

 

 

Էլ ինչ հանգիստ առանց բացօթյա ֆիլմերի, երբ կարևոր չէ եղանակը, կարևորը մթնոլորտն է: Մզիուրիի այգին հրավիրում է հոկտեմբերի 19-ի ժամը 20:00-ին ֆիլմի դիտման: Այս անգամ կցուցադրեն «Հատուկ օր» ֆիլմը:

Այցելել թատրոն ու ներկայացում դիտել, երբ քաղաքում բոլորը քնած են. այս հնարավորությունը կունենաք միայն հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ ժամը 1:35-ին: «Գիշերը թատրոնում» ծրագրի շրջանակներում ձեզ կներկայացվի «Գիշերն ու թութակը» ներկայացումը:

Վրաստանի ազգային բուսաբանական այգին հոկտեմբերի 20-ին ու 21-ին կանցկացնի առաջին Հացի փառատոնը: Միջոցառմանը ներկայացված կլինեն վրացական հացի արտադրող ընկերությունները, ներկաները կկարողանան համտեսել դրանք և ձեռք բերել:

Շաբաթն ավարտենք ոչ ավել, ոչ պակաս՝ մարիխուանայի օրինականացման փառատոնով: Փառատոնի նպատակն է բացատրել Սահմանադրական դատարանի որոշումը, որն օրինականացրեց այս թմրամիջոցը: Մարիխուանայի փառատոնը կանցկացվի ավանդական Flea Market-ի ձևաչափում՝ հյուրերը կկարողանան ձեռք բերել և վաճառել ամեն ինչ, կապված մարիխուանայի հետ, ինչպես նաև հանդիպել ընկերներին և պարզապես լավ ժամանակ անցկացնել: Ի դեպ, փառատոնը կազմակերպում է «Գիրչի»-ն՝ թմրանյութերի ազատականացման հարցով հանդես եկող կուսակցությունը: