«Check in Georgia» նախագիծը մեկնարկել է ապրիլ ամսվանից, այն իրականացվում է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության նախաձեռնությամբ:
Մինչ այս պահը «Check in Georgia»-ն արդեն իսկ մի քանի փառատոն է կազմակերպել, Վրաստան է այցելել Էրոս Ռամազոտտին, իսկ մայիսի 27-ին համերգային ծրագրով Վրաստանում կլինի նաեւ Ռոբի Վիլիամսը: Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի խոսքերով` ծրագրի կարեւորությունը կայանում է նրանում, որ Վրաստանում շարունակաբար հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպվեն, ինչի արդյունքում այցելուներ կլինեն մի շարք երկրներից:
Նախարարի համաձայն` Վրաստանի տնտեսության գլխավոր ուղղությունը զբոսաշրջությունն է: 2015 թականին այս ուղղությամբ Վրաստանի եկամուտը կազմել է 1.935.000 մլն լարի, ինչը 2014-ի համեմատ 148 միլիոնով ավելի է: Միջազգային զբոսաշրջիկների թվաքանակը 144 հազարով աճել է: Ծրագրի շրջանակներում միջոցառումներ եւ համերգներ տեղի կունենան Վրաստանի 19 քաղաքներում՝ տեղի եւ արտասահմանյան կատարողների մասնակցությամբ:
Ծրագրի բացումը տեղի ունեցավ ապրիլի 24-ին՝ Էրոս Ռամազոտիի համերգով: Այն կշարունակվի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը: «Check in Georgia»-ի կարեւոր միջոցառումներից են ջազ փառատոնը, ինչպես նաեւ «ջեմ-ֆեստը»:
Այս առիթով Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն Ալիքի հետ զրույցում ասաց. «Այս փառատոնները բավականին շատ եկամուտ են բերում: Շատ անգամ եմ ներկայացրել կոնկրետ թվերը, սեւծովյան փառատոնի դեպքում այն 82 մլն լարի է կազմում: Ինչ վերաբերում է վաճառված տոմսերից ստացված եկամուտին, ապա այն կօգտագործվի ապագայում համանման միջոցառումներ կազմակերպելու նպատակով»:
Ի դեպ, վերջերս նաեւ հայտնի դարձավ, որ ծրագրին միացել են նաեւ Վրաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այս փուլում ծրագրին աջակցում է 20-ից ավելի կազմակերպություն ՝ նրանց կողմից հովանավորած ընդհանուր գումարը կազմում է 6 մլն լարի: Սրա հետ մեկտեղ, ծրագրի շրջանակներում 3 համերգի տոմսերից ստացված գումարը շուրջ 2 մլն լարի է կազմել: