Չանախչիի դպրոցի ճանապարհի վերականգնման համար մրցույթ է հայտարարվել

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Չանախչի գյուղի նորակառույց դպրոց տանող ճանապարհի վերականգնման համար մրցույթ է հայտարարվել: Մրցույթի մասին տեղեկանում ենք Վրաստանի գնումների գործակալության կայքից:

Ըստ գնումների գործակալության կայքում ներառված մրցութային փաստաթղթի (NAT250006415)՝ վերականգնման համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 676 հազար 842 լարի:

Փաստաթղթի համաձայն, կվերականգնվի ընդհանուր առմամբ 1 կմ 124 մետր ճանապարհահատված:

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 22-ը: Հաղթող ընկերությունը պարտավորվելու է աշխատանքներն ավարտել պայմանագրի կնքման օրվանից 270 օրվա ընթացքում:

Ի դեպ, նախքան մրցույթը ասֆալտապատման հարցը քննարկվել և հավանության էր արժանացել քաղաքապետարանի սակրեբուլոյի մարտի 5-ի նիստում:

Նշենք, որ 2004 թվականից վագոններում դասընթացն անցկացրած Չանախչիի 9-ամյա դպրոցը 2023-2024 ուսումնական տարվանից նոր, ժամանակակից դպրոցի շենք ունի, որը նախատեսված է 60 աշակերտի համար: