2025 թվականի միասնական ազգային քննությունների համար վրաց լեզվի ու գրականության, նաև Վրաստանի պատմության քննական ծրագրերից մի քանի հեղինակ և ստեղծագործություն են հանվել։ Մասնավորապես՝ 2025 թվականի պատմության ծրագրի ցանկն այլևս չի ներառի XIX դարի առաջին կեսին Վրաստանում ցարիզմի դեմ ապստամբությունները։ Վրաց լեզվի և գրականության ծրագրից հեռացվել են Իլիա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելիի, Վաժա-Փշավելայի և այլ գրողների ազգային գաղափարախոսությանը, հայրենասիրությանը և ազատականությանն առնչվող ստեղծագործությունները։
Վրաստանի քաղհասարակությունը և փորձագիտական շրջանակներն այս փաստը միանշանակ չեն ընդունել՝ կատարվածը որակելով ցենզուրա (գրաքննություն) կրթության ոլորտում: Նրանց բնորոշմամբ` դա ռուսական օկուպացիա է վրացի պաշտոնյաների ձեռքերով:
Ինչ է կատարվում
Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) նոյեմբերի 26-ին ներկայացրեց միասնական ազգային քննությունների ծրագիրը, որի մեջ կան որոշակի փոփոխություններ: Այդ փոփոխությունները հիմնականում արտացոլված են վրաց լեզվի ու գրականության, նաև Վրաստանի պատմության քննական հարցերում: «Ալիք Մեդիա Վրաստան»-ը համեմատել է 2024 և 2025 թվականների քննական ծրագրերի հարցերի ցանկերը, փոփոխությունները ներկայացնում ենք համառոտ և փորձագետների վերլուծությամբ:
- Վրաց լեզվի մասով հաջորդ տարվա ծրագրում ոչինչ չի փոխվել. նախորդ բոլոր հինգ թեմաները պահպանված են։ Դրանք են` բառարանագիտությունը, ոճաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը և կետադրությունը։
- Վրաց գրականության հատվածում մի քանի փոփոխություններ կան: Թեմաների ընդհանուր թիվը կրճատված է: Եթե այս տարի եղել է 28 թեմա, ապա հաջորդ տարվա քննությունների համար դրանց թիվը դարձել է 24։ Ամբողջությամբ հեռացվել են հետևյալ հեղինակները՝ Ալեքսանդր Ճավճավաձե, Ալեքսանդր Կազբեգի, Պոլիկարպե Կակաբաձե, Պաոլո Իաշվիլի: Նրանցից ոչ մեկը չի ընդգրկվել 2025 թվականի ծրագրում։
Քննական ծրագրում կրճատվել է նաև այլ հեղինակների ստեղծագործությունների թիվը կամ ստեղծագործությունների կոնկրետ գլուխները։
Ավելի խնդրահարույց է պատմության մասը: 2024 թվականի քննություններին առանձին թեմա էր «Վրաստանը որպես ռուսական կայսրության մաս»։ Սա ներառում էր ենթաբաժիններ.
- Ռուսաստանի կողմից վրացական մելիքությունների գրավումը,
- 19-րդ դարի առաջին կեսին ցարիզմի դեմ ապստամբություններ Վրաստանում,
- Վրաստանն իրավահաջորդության ժամանակաշրջանում,
- Ալեքսանդր II-ի բարեփոխումները,
- Ռուս-օսմանյան պատերազմները և Վրաստանը:
2025 թվականի ծրագրի ավելի ընդգրկուն գլխի անվանումն է՝ «Աշխարհը և Վրաստանը 19-րդ դարում»։ Այս գլխի թեմաները ներառում են «Նապոլեոնի դարաշրջանը», «Մեծ Բրիտանիան», «Ռուսաստանը» և վերջապես՝ «Վրաստանը 19-րդ դարում», որտեղ նաև նշվում են ենթագլուխները՝ «Վրաստանի նվաճումը Ռուսաստանի կողմից», «1832-ի դավադրությունը» և այլն:
Ինչ են ասում փորձագետները
Վրացի փորձագետների խոսքով` ինչը չկարողացավ անել խորհրդային միությունը, անում է իշխող «Վրացական երազանք»-ը: Նրանց գնահատմամբ՝ քննական հարցերից հանվել են այն թեմաները, որոնք Վրաստանի պատմության լավագույն հայրենասիրական դրվագներն են: Փորձագետների խոսքով, «Վրացական երազանք»-ը փորձում է վրաց ժողովրդի հիշողությունից ջնջել Ռուսաստանի՝ որպես թշնամի ընկալմանն առնչվող տարիները:
Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլիի խոսքով` սա ռուսական օկուպացիա է վրացիների ձեռքով:
Պատմաբան Բոնդո Կուպատաձեն պատմության մասում առաջացած խնդիրները կապում է կրթության ոլորտում 4 տարի առաջ կատարված փոփոխությունների հետ, երբ «հայրենասիրական» փաստարկներով՝ «ուժեղացնենք Վրաստանի պատմության դասավանդումը դպրոցներում», «Պատմություն» առարկան բաժանվեց երկու մասի՝ «Պատմություն» և «Վրաստանի պատմություն»: Արդյունքում, ըստ պատմաբանի, երեք տարի անց պատմության ծանրաբեռնված ուսուցման ցանցի ֆոնին, քանի որ քանակությունը միշտ չէ, որ որակի երաշխիք է, X դասարանում կա 4 դասագիրք, XI դասարանում՝ 6 դասագիրք («Պատմություն» և «Վրաստանի պատմություն», XII դասարանում առայժմ ընդամենը 2 դասագիրք։
«Այսպիսով, այս համատեքստում եթե դիմորդը պատրաստվում է միասնական ազգային քննությունների համար երեք տարի ուսումնասիրված պատմության նյութով, նա պետք է սովորեր և յուրացներ 12 դասագիրք (յուրաքանչյուրը 300 էջի սահմաններում 10 ամսվա ոչ լրիվ ժամանակահատվածում, ինչը, համաձայն եմ, բացարձակապես անհնար խնդիր է: Այս դժվարին իրավիճակում NAEC-ը լուծում գտավ: Միասնական ազգային քննությունների համար թողեց միայն «Պատմություն» առարկան (որտեղ Վրաստանի պատմության նյութը ներկայացված է մոտ 20 տոկոսի սահմաններում)», — նշել է պատմաբանը:
Նրա խոսքով, այս ֆոնին Վրաստանի պատմության դասավանդման դերն ու նշանակությունը չի աճել, ընդհակառակը՝ նվազել է, ինչն առաջացրել է հասարակության միանգամայն արդարացված վրդովմունքը:
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Գիորգի Կոբերիձեն, Ֆեյսբուքում տեղադրելով ռուսական կրթական համակարգում դասավանդվող քարտեզի լուսանկարը, որտեղ Վրաստանը մասնատված է (Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանից առանձնացված են) և Ուկրաինայի հարավային մասը գրավված է ՌԴ-ի կողմից, գրել է.
«Մասնատված Վրաստան և գրավված հարավային Ուկրաինա։ Սա ռուսական պաշտոնական քաղաքականության արտացոլումն է ռուսական կրթական համակարգում։ Ցանկացած պրոռուսական կուրս նշանակում է այս իրավիճակի ճանաչում»:
Ինչ է ասել նախագահը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատեց քննական ծրագրի փոփոխությունները։ Նախագահն իր անձնական ֆեյսբուքյան էջում գրել է՝ 2025 թվականի միասնական ազգային քննությունների ծրագրերի ցանկից երբ հանում ես Իլիայի «Երջանիկ ազգ», «Պատասխանի պատասխան», «Գանդեգիլ», «Ուրվական» և այլ ստեղծագործություններ, հասկանալի է, թե ինչ ազգային-հայրենասիրական գաղափար է կառավարում «կրթական» համակարգը, հետևաբար՝ պետությունը։
Ինչ է ասում կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը
ԿԳԵ-ն հայտարարեց՝ փոփոխվել է ոչ թե ուսումնական պլանը, այլ քննական ծրագիրը: Այս փոփոխության վերաբերյալ նախարարությունը պարզաբանել է, որ «միասնական ազգային քննությունների նոր ծրագիրը հիմնված էր միայն ազգային ուսումնական պլանով նախատեսված պարտադիր գրականության վրա»։
Նախարարությունը նաև նշել էր՝ «եթե կոնկրետ թեմա չկա 2025 թվականի քննական ծրագրի ցանկում, դա չի նշանակում, որ դա այլևս չի դասավանդվելու դպրոցներում»։
Ուսուցիչների ֆեյսբուքյան խմբերի քաղաքացիները նշել են, որ միասնական ազգային քննությունների համար ուսանողներ նախապատրաստող կրկնուսույցները հիմնականում կենտրոնանում են քննությունների առարկայական ծրագրի վրա, այլ ոչ թե ընդհանուր ուսումնական պլանի վրա: