Նոյեմբերի 4-ին Caritas Georgia բարեգործական հիմնադրամը նշեց կազմավորման 25-ամյակը:
Միջոցառման հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Caritas Georgia-ի գործունեության 25 տարվա արդյունքներին և բարեգործական աշխատանքներին:
Միջոցառմանը հրավիրված էին պետական կառույցների ներկայացուցիչներ, կազմակերպության արտասահմանյան և տեղական գործընկերներ, դոնորներ, դեսպաններ, և այլք: Ներկա էին նաև հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից:
Այցելուները հնարավորություն ունեցան դիտել անապահով երեխաների ձեռագործ աշխատանքները, ծանոթացան կազմակերպության կողմից կազմակերպված տարբեր սոցիալական արշավներին:
Բազմաթիվ աշխատանքների թվում էր նաև Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սաների պատրաստած գործերը:
Միջոցառմանը Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ներկայցնում էր Նապոլեոն Մարիկյանը, ով «Ալիք մեդիայի» հետ զրույցում բարձր է գնահատում ինժեներական լաբորատորիայի սաների առաջադիմությունը.
«Ներկայացնում ենք մեր սաների աշխատանքները: Քանի որ դպրոցն ընդամենը մեկ տարի է՝ ինչ գործում է, մեծ արդյունքներ չունենք, սակայն շատ խելացի երեխաներ ունեք, առաջադիմությունը մեծ է», — ասում է Մարիկյանը:
Caritas Georgia-ն 1994 թվականից օգնում է երկրի աղքատ բնակչությանը: Կազմակերպության առաքելությունն է՝ խթանել բարեգործությունը, արդարությունը, մարդկային ռեսուրսները, հարգել քրիստոնեական արժեքները և յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը: