Բժիշկներն ահազանգում են Ամաղլոբելիի առողջական խնդիրների մասին

Բաթումիի մի խումբ բժիշկներ ահազանգում են կալանքի տակ գտնվող «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի հացադուլի հետ կապված ռիսկերի մասին։

Բաթումիում բժիշկները պահանջում են, որ «վստահելի, բարձր որակավորում ունեցող բազմամասնագիտական ​​բժիշկներին թույլ տրվի անհապաղ այցելել Ամաղլոբելիին, լինի դա խորհրդատվության միջոցով, թե այլ ձևով»:

Հունվարի 28-ին Բաթումիի Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնի բժիշկները մամուլի ասուլիս են հրավիրել՝ քննարկելու այն ազդեցությունը, որը կարող է ունենալ ազատազրկված Ամաղլոբելիի բողոքի ծայրահեղ ձևը՝ հացադուլը, նրա առողջության վրա։

Վիրաբույժ, բժշկագիտության դոկտոր Կախաբեր Քաշիբաձեն հայտարարել է, որ Ամաղլոբելիի վիճակը շատ ծանր է, քանի որ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ։ Ըստ նրա՝ Ամաղլոբելիի առողջությանը հնարավոր է անդառնալի վնաս հասցվի:

Բժիշկները «Վրացական երազանք»-ի կառավարությանը կոչ են արել հանրությանը տեղեկատվություն տրամադրել Ամաղլոբելիի առողջական վիճակի մասին։

«Հացադուլի 17-րդ օրը միայն խմելու ջուրը շատ վտանգավոր իրավիճակ է: Այս պահին օրգանիզմը էներգիայի չափազանց ցածր մակարդակ ունի, որն անդառնալի փոփոխություններ է առաջացնում», — ասել է բժիշկ Նաթիա Խառատին։

Ամաղլոբելին արդեն 18-րդ օրն է, ինչ հացադուլ է անում և հրաժարվում է դադարեցնել հացադուլը: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերներն հայտարարել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին պահանջում են նրան ազատ արձակել։

Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։

Ամաղլոբելիի հարցը պետք է լինի Եվրամիության օրակարգում. Զուրաբիշվիլի