Բժիշկները բարձրաձայնում են գազից թունավորված ցուցարարների մասին

Վրացի բժիշկներից ոմանք պնդում են, որ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների եվրոպամետ ցույցերը ցրել է թույլատրելիից ավելի մեծ չափաբաժին գազով, ինչի հետևանքով որոշ դեպքերում քաղաքացիների առողջությանը երկարատև վնաս է հասցվել։

Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ` ՆԳՆ-ն դեռ չի պատասխանել այն հարցերին, թե ինչ նյութեր են կիրառվել եվրոպամետ ցույցերի մասնակիցների դեմ։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ գազից տուժածների մոտ առաջացել է «բժշկական բնական ռեակցիա»։

Բժիշկների մի մասը ևս մեկ անգամ կոչ է արել ՆԳՆ-ին` բացահայտել ցույցերի ցրման ժամանակ օգտագործված նյութերի քիմիական բաղադրությունը։

Նշենք, որ նոյեմբեր-դեկտեմբերին ՆԳՆ-ն առաջին շաբաթներին սիստեմատիկաբար գազի տարբեր միջոցներ է կիրառել եվրաինտեգրման կողմնակիցների դեմ։

Պրոֆեսոր Մանանա Ջեբաշվիլին, որ հունվարի 6-ին հատուկ ճեպազրույց է անցկացրել իր գործընկերների հետ, ասել է, որ իրենց հաջողվել է հայտնաբերել գազի պարկուճներից միայն մեկը` GL-202-ը։

Բաց աղբյուրների համաձայն` GL-202-ը արցունքաբեր գազ է։ Նրա ծուխը շատ ազդեցիկ է և տարածվում է լայն տարածության վրա։ Կիրառել կարելի է առավելագույնը 160 մետր հեռավորությունից՝ 45 աստիճան թեքությամբ։ Ուղղակի կիրառումն արգելված է, դա կարող է նույնիսկ մարդ սպանել։