Բժիշկն Ամաղլոբելիի առողջական վիճակը գնահատում է բավարար

«Վիվամեդ» կլինիկայի բժշկական տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով՝ «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր տնօրեն Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը դուրս գրվելիս գնահատվել է բավարար։

«Ամաղլոբելին դուրս է գրվել հիվանդանոցից, վիճակը բավարար է. Մենք համապատասխան խորհրդատվություններ արեցինք և պայմանավորվեցինք, որ քրեակատարողական հիմնարկը կշարունակի բուժման ընթացքը։ Նա արդեն մեկ շաբաթ է՝ սկսել է սննդի ընդունումը»,- ասել է Չխաիձեն:

Նշենք. երեկ Ամաղլոբելիի իրավունքները պաշտպանող «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության փաստաբան Ջուբա Քաթամաձեն հաստատել էր, որ Ամաղլոբելին տեղափոխվել է Ռուսթավիի բանտ։ Նրա խոսքով, Ամաղլոբելին ՔԿՀ է տեղափոխվել փետրվարի 27-ի երեկոյան՝ ժամը 18:00-ից հետո։

Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև՝ հունվարի 12-ին՝ քրեական կարգով։

Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու մեջ, ինչի համար նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ Վրաստանի քաղհասարակությունը, իրավապաշտպան կազմակերպությունները, ընդդիմությունը, Եվրամիությունը, տարբեր երկրների կառավարություններ և տասնյակ միջազգային կազմակերպություններ նրան համարում են քաղբանտարկյալ։