Այսօր՝ հունվարի 17-ին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թույլ չեն տվել ֆիզիկապես ներկայանալ Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին՝ առողջական վիճակի պատճառով։ Դատարանը քննում է նրա պատիժը հետաձգելու կամ նրան ազատելու հարցը։
Դատավոր Գիորգի Արևաձեն ընթերցել է դատապարտյալի ներկայության խնդրի մասին արձանագրությունը.
«Մենք դատապարտյալին առաջարկել ենք հեռավար մասնակցել դատական գործընթացին, որը նա մերժել է և խնդրում է ներկայանալ դատարան։ Բուժող բժշկի խոսքով, ինքը խորհուրդ չի տալիս դատապարտյալին տեղափոխել դատարան»,- ասել է դատավորը։
Փաստաբան Շալվա Խաճապուրիձեն նիստում հայտարարել է, որ երեկ՝ հունվարի 16-ի երեկոյան այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին, և հենց այդ ժամանակ Սաակաշվիլին անձամբ դիմում է գրել դատավարությանը ֆիզիկապես մասնակցելու պահանջով, հակառակ դեպքում՝ համաձայն է, որ դատավարությունն ընթանա իր բացակայությամբ։
Փաստաբանը հավելել է, որ Միխեիլ Սաակաշվիլին ցանկանում է ֆիզիկապես մասնակցել հունվարի 20-ին նախատեսված նիստին։