Բժիշկը չի բացառում, որ Ամաղլոբելիի առողջական վիճակը կվատթարանա

Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին այսօր և, ենթադրաբար, վաղը կմնա կլինիկայում հետազոտությունների համար, TV Pirveli հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում ասել է «Վիվամեդ»-ի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։

Նրա խոսքով՝ Ամաղլոբելին լավ է, սակայն լրացուցիչ հետազոտություններ և բժիշկների խորհրդատվության կարիք կա։

Ըստ Չխաիձեի՝ հետազոտությունները հիմնականում կապված են մարդու օրգանիզմի վրա սովի ազդեցության հետ։ Հարցին, թե որքան տագնապալի է Ամաղլոբելիի վիճակը, Չխաիձեն պատասխանել է. «Իհարկե, տագնապալի է իրավիճակը, և միշտ կարող է լինել որոշակի բարդություն, սովն ազդում է օրգանիզմի վրա»:

Ամաղլոբելին 26 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Փետրվարի 4-ին նա տեղափոխվել է «Վիվամեդ»՝ հետազոտության նպատակով։ Հետազոտությունների ավարտից հետո նա ցանկանում է վերադառնալ բանտ։