Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) իշխող «Վրացական երազանք» խմբակցության որոշմամբ՝ վրաց-օսական շփման գծում ձերբակալված բժիշկ Վաժայի ընտանիքի հասցեին հայհոյանքներ հնչեցրած պատգամավոր Էրեկլե Կուխիանիձեն այլևս խմբակցության անդամ չի լինի:
Այս մասին հայտարարություն է տարածել սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Բեքա Դավիթուլիանին:
Էրեկլե Կուխիանիձեն սակրեբուլոյի շրջակա միջավայրի հանձնաժողովի ղեկավարն է: Մեծամասնության անդամությունից և հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկվելուց հետո, այնուամենայնիվ, Կուխիանիձեն շարունակելու է մնալ սակրեբուլոյի անդամ:
Բեքա Դավիթուլիանիի պարզաբանմամբ, Էրեկլե Կուխիանիձեի դեպքում՝ սակրեբուլոյի անդամի մանդատից հրաժարվելու իրավական հիմք կարող է լինել միայն նրա անձնական դիմումը:
«Համապատասխանաբար, մենք չենք կարող ստիպել նրան հրաժարական տալ»,- ասել է Դավիթուլիանին:
Հիշեցնենք, սակրեբուլոյի շենքի հարակից տարածքում երկու օր շարունակ ցույցեր էին անցկացվում: Ցուցարարները պահանջում էին Կուխիանիձեի հրաժարականը: Սակրեբուլոյի պատգամավոր Էրեկլե Կուխիանիձեն ֆեյսբուքյան իր էջում հայհոյանքներով լի գրառում էր կատարել նոյեմբերի 9-ին ռուսական ուժերի կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամների մասին: Վերջինս Գափրինդաշվիլիներին սադրիչ էր նաև անվանել: Պաշտոնյայի այս հայտարարությունը սոցցանցերում լուրջ քննադատության տեղիք է տվել։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել գրառման համար։
Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ Վաժա Գափրինդաշվիլին այս տարվա նոյեմբերի սկզբին ձերբակալվել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքում՝ ռուս սահմանապահների կողմից և մեղադրվում էր «սահմանը ապօրինի հատելու մեջ»։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու համար։ Ուրբաթ օրը Ցխինվալիի դատարանը բժշկի համար երկամսյա նախնական կալանքի որոշում կայացրեց։