ԲՈՒՀ-երի հեռավար կրթության մեկ տարին. ի՞նչ կարծիքի են ուսանողները

Գրեթե մեկ տարի առաջ Վրաստանում կորոնավիրուսի տարածման առաջին դեպքից հետո երկրի բոլոր ուսումնական հաստատությունները ժամանակավոր դադարեցին գործել: Վրաստանի ԲՈՒՀ-երում 2020 թվականի գարնանային սեմեստրը մեկնարկեց լրիվ այլ իրականությամբ և ուսանողների համար անծանոթ մեթոդներով:

Թբիլիսիի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էռնա Շկոյանի խոսքերով, հեռավար կրթությունը չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են բժշկական ֆակուլտետում սովորելու համար: Նա չի պատկերացնում, թե ինչպես կարող է բժշկական ֆակուլտետի ուսանողը վիրահատության թեման ուսումնասիրել առանց պրակտիկ դասընթացների:

«Մեզ մոտ գրեթե ամբողջովին վերացել է սովորելու մոտիվացիան, որն ունեինք առաջին և երկրորդ կուրսում: Այժմ թե’ դասընթացները և թե’ քննությունները անցկացվում են zoom ծրագրի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին քննությունները ավելի հեշտ հանձնել և, հետևաբար, քիչ աշխատել»,- ասում է ուսանողուհին:

Ժաննան և Այծեմնիկը Թբիլիսիի Իլյայի անվան համալսարանի վրաց լեզվի նախապատրաստական բաժնի ուսանողներ են, ովքեր ընդհանրապես համալսարանի տարածքում սովորելու փորձ չունեն և դպրոցում վերջին կիսամյակը հեռավար սովորելուց հետո վերջիններիս համար գրեթե ոչինչ չի փոխվել:

«Ես դպրոցական տարիներին մի շարք միջոցառումների եմ մասնակցել, որտեղից էլ սովորել եմ վրաց լեզուն: Համալսարանում հեռավար կրթությամբ միայն կարողացել եմ պահպանել վրացերենի գիտելիքներս, իսկ եթե չտիրապետեի վրացերենին, կարծում եմ` ինձ համար շատ դժվար կլիներ այս մեթոդներով լեզու սովորել», — ասում է Ժանան:

Այծեմնիկի խոսքով` համալսարանում որոշ դասախոսների անպատասխանատու մոտեցումը նրանց ստիպել է ավելի շատ ինքնակրթությամբ զբաղվել, հակառակ դեպքում սահմանված քննությունները հանձնելն ու լեզվի արգելքները հաղթահարելն անհամեմատ դժվար կլինի:

Իլյայի պետական համալսարանի Կերպարվեստի և կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողուհի Աղավնի Մոսոյանը նշում է, որ ուսումնասիրելով հագուստի դիզայների մասնագիտությունը մեծ դժվարությունների հետ է առընչվում հեռավար կրթության ընթացքում:

«Մեր ֆակուլտետում նույնպես գործնական աշխատանքները շատ են և ինքնուրույն որոշ հանձնարարություններ կատարելը ավելի դժվար է դառնում: Դասընթացներ ունենք, որոնք լրիվությամբ բաց ենք թողել և շարունակելու ենք միայն այն ժամանակ երբ դասերը կվերսկսվեն համալսարանում: Հեռավար ուսուցման մեջ դրական կողմը իմ կարծիքով ավելի շատ պատասխանատվության բարձրացումն է, քանի որ մենակ ես և ավելի շատ ես աշխատելու հանձնարարությունը կատարելու համար»,- ասում է Աղավնին:

ԹՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի ուսանող Ջիվան Մկրտչյանը կարծում է, որ հեռավար ուսուցման մեթոդը ունի իր և՛ դրական և՛ բացասական կողմերը:

«Բացասական կողմերի մասին խոսելիս, եթե կողքի դնենք ընդհանուր կրթական մակարդակի անկումը, այս մեթոդը վատ ազդեցություն թողեց ուսանողների իրար հետ շփվելու և շրջապատի առումով, քանի որ սա նույնպես երիտասարդի կրթության մի մասն է կազմում: Հեռավար ռեժիմին անցնելն իր ազդեցությունը թողեց նաև ուսանողների առողջության վրա՝ առաջացնելով տեսողական և այլ ֆիզիկական խնդիրներ» — ասում է Ջիվանը, հավելելով, որ ստեղծված իրավիճակի դրական կողմն այն էր, որ նախքան համաճարակն ունեցած հնարավորությունները սկսել են ավելի լավ գնահատել:

Կրթության փորձագետ Նանա Տոխվաձեն խոսելով հեռավար ուսուցման մասին, նշեց, որ ԲՈՒՀ-երի համար, բացի այն ֆակուլտետներից, որոնք անպայման պահանջում են գործնական դասընթացներ, ընդհանուր հաշվով կարելի է ասել, որ որոշ չափով ստացվեց հեռավար դասընթացներ իրականացնել:

«Թե պետական և թե մասնավոր համալսարանները պետք է ընտրեին, թե որ ֆակուլտետների դասընթացներն էին հնարավոր անցկացնել հեռավար և որոնք` ոչ: Որոշ ֆակուլտետների դասընթացներ պետք է իրականացվեին համալսարաններում, իսկ համաճարակով պայմանավորված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար համալսարանները առանձին ծրագիր պետք է մշակեին: Ուսանողներին մինիմալ օգնություն ցուցաբերելու և աջակցելու փոխարեն, մեր կառավարությունը, ցավոք սրտի, ամեն ինչ փակելու քաղաքականություն ընտրեց»,- ասում է Տոխվաձեն:

Ամփոփելով հեռավար ուսուցման մեկ տարին` Տոխվաձեն` հաշվի առնելով որոշ ֆակուլտետների՝ հատկապես բժշկական ուղղության ուսանողների ուսուցման մեթոդը, անցնող մեկ տարին համարում է տապալված:

«Կան նաև այլ ֆակուլտետներ, որոնց դեպքում հեռավար կրթությունը բավականին արդյունավետ է և հետագայում զարգանալու հնարավորություններ կլինեն: Օրինակ` Վրաստանից ուսանողը կարող է միջազգային ինչ-որ կրթական ծրագրի մասնակցել և ստանալ համապատասխան կրթություն և այստեղ տարածությունը խնդիր չէ, եթե ուսանողը գիտակցում է ուսումնական ծրագրի նպատակը: Սակայն, ցավոք սրտի, մեր երկրի համար կրթությունը առաջնահերթություն չէ և ուսանողներն ու աշակերտները համապատասխան աջակցություն չեն ստացել, չնայած այն բանին, որ մի քանի միլիարդ լարի պարտք արեցինք, որ այս համաճարակն ինչ-որ կերպ հաղթահարենք», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Կրթության փորձագետ Նանա Տոխվաձեն:

Վրաստանի ԿԳ նախարարության հայտարարությամբ, փետրվարի 15-ից երկրի ամբողջ տարածքով հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա դպրոցներում: Ինչ վերաբերում է ուսումնարաններում և ԲՈՒՀ-երում դասընթացները սկսելուն, նախարարությունն այս հարցը հետաձգել է մինչև մարտի 1-ը: Ըստ ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի` ուսանողների լսարան վերադառնալու որոշումը կախված կլինի երկրում առկա համաճարակային իրավիճակից:


Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։