Նոյեմբերի 1-ից Վրաստանում գործող բուժհաստատություններում կներդրվի ֆինանսավորման նոր մոդել։
Ըստ Վրաստանի առողջապահական ասոցիացիայի գործադիր խորհրդի նախագահ Մայա Մախարաշվիլիի` սա նշանակում է, որ պացիենտներն այլևս ստիպված չեն լինի վճարել կլինիկայի և պետության սահմանած գների տարբերությունը:
«Պացիենտի համար փոփոխությունն այն է լինելու, որ ցանկացած կլինիկայում, որտեղ նա դիմի, և այդ կլինիկան եթե մասնակցում է համընդհանուր առողջապահական ծրագրին, ապա հիվանդն էլ դառնում է համընդհանուր առողջապահության շահառու և տարբերվող գինը չի վճարում։
Առողջապահության համընդհանուր ծրագրով նախատեսված համավճարը տարբեր շահառուների համար տարբեր է։ Եթե պացիենտը 1000 լարի արժողությամբ բուժօգնություն պետք է ստանա և ունի 10 տոկոսանոց համավճար, ապա կվճարի միայն 100 լարի:
Այժմյան ֆինանսավորման մեթոդով, բացի այս 100 լարիից, պացիենտը վճարում է նաև կլինիկայի ներկայացրած գնի և պետության ներկայացրած գնի տարբերությունը։ Նոր ծրագրով՝ պացիենտն այլևս ստիպված չի լինի վճարել այս տարբերությունը»,- ասել է Մախարաշվիլին։