Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում՝ այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ, հայտնում է Վրաստանի ՊՆ-ն:
ՊՆ-ի փոխանցմամբ՝ Բուրճուլաձեի առաջին հանդիպումը եղել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Վրաստանի պաշտպանության նախարարը, խոսելով թուրք գործընկերոջ հետ, ուշադրություն է հրավիրել պաշտպանության ոլորտում Վրաստանի և Թուրքիայի միջև հաջող ռազմավարական համագործակցության վրա և շնորհակալություն է հայտնել Թուրքիային աջակցության համար։ Բուրճուլաձեն ընդգծել է Թուրքիայի նյութատեխնիկական և ֆինանսական օգնությունը, թուրք փորձագետների ներգրավումն ու աջակցությունը Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման գործընթացում։
«Հանդիպմանը գործընկերները քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության հարցեր։ Զրույցն անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ռազմական կրթության և միջազգային ուսումնասիրությունների ուղղությամբ կապերի խորացման հարցերին։
Զրույցի հիմնական թեմաներից են եղել տարածաշրջանում անվտանգության միջավայրը, աճող սպառնալիքները և Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև եռակողմ պաշտպանական համագործակցությունը սկսվել է 2012 թվականին: Եռակողմ նախարարական հանդիպումը այս տարի կկայանա Թուրքիայում:
Կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները