Գերմանիայի Բունդեսթագը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել: Փաստաթղթի քննարկումը Գերմանիայի օրենսդիր մարմնում տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին։
Բանաձևի հեղինակներն են Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչները և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, որ աջակցում են Վրաստանի եվրանդամակցությանը՝ «քննադատելով իշխող «Վրացական երազանք»-ի ավտորիտար և հակաեվրոպական ընթացքը»։
Բանաձևում Բունդեսթագը պահանջում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացում Վրաստանի հետ առաջընթաց չգրանցվի, քանի դեռ գործում է «ռուսական օրենքը» (վերջերս ընդունված «Գործակալների մասին» օրենքը, խմբ․)։
«Հիշյալ օրենքը անհամատեղելի է Եվրամիության արժեքներին և ժողովրդավարական սկզբունքներին: Այն հակասում է Վրաստանի և Եվրամիության միջև համաձայնեցված երկու առաջնահերթ քայլերին, այն է՝ քաղաքացիական հասարակության ազատ գործունեության ապահովումը և Եվրամիության ու նրա արժեքները դեմ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարը», — ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլիի (իշխող ուժի հիմնադիր) իշխանության պահպանման նպատակն ավելի բարձր է, քան Վրաստանի եվրոպական ապագան ու ժողովրդավարական կայունությունը։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու Վրաստանի ժողովրդավարական ուղղության և երկրի եվրոպական կուրսի համար։ Նշվում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ոչ բռնի և արդար միջավայրում։
Բանաձևում խոսվում է նաեւ ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրենքը չեղյալ համարելու մասին։
«Գերմանիայի Բունդեսթագը անընդունելի է համարում ԼԳԲՏՔԻԱ+ մարդկանց խարանումը, որը թելադրված է քաղաքական օրակարգով և վերջիններիս իրավունքների զանգվածային սահմանափակումը: Դա էլ ավելի է պառակտում վրաց հասարակությունը», — ասվում է հայտարարության մեջ։