Վրաստանում այսօր՝ օգոստոսի 4-ին, ավարտվեցին բուհերի ընդունելության քննությունները: Բակալավրի ընդունելության արդյունքներն արդեն հրապարակվել են online.naec.ge կայքում: Աս պահի դրությամբ հրապարակվել են մաթեմատիկայի, արվեստի, ինչպես նաև ֆիզիկայի և կենսաբանության քննությունների արդյունքները: Ակնկալվում է, որ մոտ օրերի ընթացքւոմ կհրապարակվեն նաև ընդհանուր ունակությունների քննության արդյունքները:
Հրապարակվել են նաև մագիստրատուրայի քննությունների հարցերն ու պատասխանները․ ակնկալվում է, որ թեստերի արդյունքները կհրապարակվեն ամսվա վերջում:
Ամփոփելով քննական շրջանը՝ Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է.
«Ամեն ինչ արվել է այն նպատակով, որ պահպանված լիներ ակադեմիական և անվտանգ միջավայր: Քննությունները կազմակերպվել են շատ բարձր մակարդակով, լիարժեք կերպով պահպանվել են նաև բժշկական ցուցումները»,- հայտարարել է նախարարը:
Նշենք՝ ելնելով երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակից և պահպանելով անվտանգության կանոնները, Վրաստանի ԿԳ-ն որոշում էր կայացրել, որ քննական թերթիկները 2 շաբաթվա ընթացքում կարանտին անցնեն, ինչից հետո միայն, հանձնվեն ստուգման:
Այս տարի, համաճարակից ելնելով, քննություններն անցկացվել են որոշակի սահմանափակումներով: Դիմորդները թերմոսկրինինգ են անցել տեղում, այնուհետև տեղափոխվել լսարաններ, որոնք նախատեսված են եղել յուրաքանչյուրը՝ 10 դիմորդի համար: Նախքան քննության մեկնարկը՝ գրանցման 1 ժամը դիմակով անցկացնելուց ու պարբերաբար ախտահանվելուց հետո, դիմորդները քննությունները գրել են առանց բժշկական դիմակների: Սա այն դեպքում, երբ պատուհանները բաց են եղել․ պատուհանները փակելու և օդորակիչ միացնելու դեպքում դիմորդները ստիպված են եղել դիմակ կրել: