Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղի խմելու ջրի խնդիրը տարիներ շարունակ անհանգստացնում է տեղացիներին։ Գյուղում թեև խմելու ջուր առկա է, սակայն ամռանը հատկապես խիստ խնդրահարույց է դառնում դրա հասանելիությունը։ Խնդիրն այն է, որ Բուղաշենի խմելու ջուրը հարևան Մերենյա գյուղի բնակիչներն օգտագործում են որպես ոռոգման ջուր, ինչի պատճառով այն Բուղաշեն չի հասնում։
Ըստ տեղացիների՝ ջուրը գյուղ է մտնում Մերենիայի տարածքից, որտեղ գյուղացիները կարտոֆիլ են աճեցնում, և այն օգտագործում են ոռոգման նպատակով։ Տեղացիներն ասում են, որ Մերենիայի բնակիչները ջուր են «գողանում», վնասում են խմելու ջրի խողովակը, օգտագործում են ոռոգման համար, և այն բուղաշենցիներին այլևս չի հասնում։ Գյուղում հատկապես խնդրահարույց են համարվում հուլիս-օգոստոս ամիսները։ Տեղացիները նշում են նաև, որ մշտապես դժվար իրավիճակում են ծայրամասային տները․ բնակիչները գյուղի կենտրոնից են ջուր տանում։
Բուղաշենցիները բազմիցս ահազանգել են՝ դիմելով նաև տեղական իշխանություններին։ Ավելին, վերջինս բազմաթիվ խոստումներ է տվել, որ խնդիրը կլուծվի, սակայն սայլը դեռևս տեղից չի շարժվում։ Հարցի շուրջ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարին, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, տեղի երիտասարդներից մեկի հարցրին, թե երբ կլուծվի խնդիրը, խորհրդի նախագահը հավաստիացրել է՝ «տարվա ընթացքում»։ Հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց պատկերը չի փոխվել։
«Ձեր գյուղի գումարը երկու տարի է խողովակների վրա է ծախսվում, բայց միևնույնն է 2 կիլոմետր պակասում է։ [Ձեր գյուղի ներկայացուցիչների հետ] հանդիպմանը մենք խոստացել ենք, որ այդ հատվածը կտանք, ձեր ջրի ճանապարհը Մերենյա գյուղից չենք բերի և կփոխենք ուղղությունը։ Ինձ թվում է՝ այս տարի կլուծվի ձեր ջրի խնդիրը, որը խոստացել է քաղաքապետարանը և անձամբ ես․ ձեր ջրի հարցն այս տարի կկարգավորվի»։
Չնայած այս խոսքերին, 2024 թվականի փետրվարի տվյալներով ջրի խնդիրը դեռ լուծված չէ։
Ախալքալաքի 2023 թվականի բյուջեում Բուղաշեն գյուղի խմելու ջրի ապահովման հարցը նշված չէ, սակայն հասանելի է տեղեկություն, որ 2023 թվականին խմելու ջրի համակարգերի զարգացման համար ծախսվել է 333,4 հազար լարի, իսկ 2024 թվականի համար հատկացվել է 2196,2 հազար լարի։ 2024 թվականի բյուջեում նույնպես չի հստակեցվում՝ արդյոք նախատեսվում է այդ միջոցները ծախսել Բուղաշենի խմելու ջրի խնդրի լուծման ուղղությամբ, թե՝ ոչ: Բացի այդ, ստուգել ենք պետական գնումների կայքի միջոցով Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին գնված ծառայությունները, որտեղ առկա էր 2023 թվականին խմելու ջրի հետ կապված միակ տենդերը: Արժեքը կազմում է 46509 լարի, որի 93%-ն արդեն օգտագործվել է։ Տենդերը՝ գյուղերին աջակցության ծրագրի շրջանակներում նպատակ ուներ 4 տարբեր գյուղերում լուծել 5 տարբեր խնդիրներ։ Դրանցից մեկը Բուղաշեն գյուղի ջրամբարի վերականգնումն էր, որի համար քաղաքապետարանը ընդհանուր արժեքից հատկացրել է 8556 լարի։
Պարզելու համար, թե գոնե 2024 թվականին այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն, թե՝ ոչ, կապ հաստատեցինք Ախալքալաքի քաղաքային խորհրդի նախագահ Նաիր Իրիցյանի հետ, ով հրաժարվեց կոնկրետ հարցին պատասխանել։
«Մեն, հասկանում ենք, որ ջրի ճանապարհը փոխելն այդքան էլ հեշտ չի և մեծ աշխատանք կպահանջի։ Տեղյակ ենք, որ դա կապված է այն տարածքների հետ, որտեղից էլ փոխվելու է ջրի ճանապարհը, սակայն մենք էլ որպես գյուղացի կաջակցենք և կօգնենք, եթե վերջապես գյուղում նախաձեռնեն և իրականացնեն այդ աշխատանքները»։ (անանուն)
Ի վերջո, գյուղում խմելու ջրի հարցը մնում է անհասկանալի, իսկ տեղական ինքնակառավարման խոստումը` անկատար։