2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով փոխադրված նավթի ծավալը կազմել է 9 մլն 802,4 հազար տոննա, ինչը 6,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, գրում է BusinessPressNews-ը:
Հունվար-ապրիլին ԲԹՋ-ի մասնաբաժինը Ադրբեջանի հիմնական նավթատարներով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալում կազմում է 76,4 տոկոս, իսկ ԲԹՋ-ով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի 84,8 տոկոսը կամ 8 մլն 315,8 հազար տոննան ադրբեջանական նավթն է:
Ղազախստանից և Թուրքմենստանից ԲԹՋ-ով փոխադրվող տարանցիկ նավթի բաժինը կազմել է ընդհանուր ծավալի 15,2 տոկոսը կամ 1 մլն 486,6 հազար տոննա, ինչը 5,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա քառամսյա ցուցանիշից։
Ի դեպ, ներկայումս ԲԹՋ խողովակաշարով տեղափոխվում է Ազերի-Չիրագ-Գիունեշլի հանքավայրի բլոկի նավթը և Շահ-Դենիզ հանքավայրի կոնդենսատը։ Խողովակաշարը սպասարկում է նաև Ադրբեջանի պետական SOCAR ընկերության և Կասպից ծովի այլ երկրների նավթը։
Խողովակաշարի երկարությունը 1 768 կմ է։ Դրանցից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կմ-ը՝ Վրաստանով, 1 076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։