Ղազախական նավթային Kaztransoil ընկերությունը նախատեսում է մինչև մարտի վերջը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով Թենգիզի հանքավայրից տեղափոխել լրացուցիչ 10 հազար տոննա նավթ, գրում է BusinessPressNews-ը:
Մարտի 23-ին Kaztransoil-ը Թենգիզի հանքավայրից Ակտաու նավահանգստով Բաքվի Սանգաչալ տերմինալ է տեղափոխել 9 մլն 959 հազար տոննա նավթի առաջին խմբաքանակը «Նախագահ Հեյդար Ալիև» լցանավով, իսկ դրա տարանցումը ԲԹՋ գազատարով սկսել է SOCAR Midstream Operations-ը՝ Ադրբեջանի պետական SOCAR ընկերության դուստր ձեռնարկությունը: Նույն ճանապարհով մինչև ամսվա վերջ կանցնի հավելյալ 10 հազար տոննա ղազախական նավթ։
Այսպիսով, մարտին Թենգիզի հանքավայրից ԲԹՋ-ով ամբողջությամբ կառաքվի մոտավորապես 20 հազար տոննա նավթ։
Իսկ ահա ապրիլին առաքման ծավալը նկատելիորեն կավելանա։ Kaztransoil-ի տվյալներով՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ուղղությամբ նավթի փոխադրման պլանավորված ծավալը ապրիլի համար կազմում է 125 հազար տոննա։
Ի դեպ, Kaztransoil-ը ծրագրում էր նավթի տարանցում Ղազախստանի Ակտաու նավահանգստից Բաքու՝ ԲԹՋ խողովակաշարով հետագա փոխադրման համար։ Սակայն Ջեյհանի տերմինալում ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով բեռնման աշխատանքների ժամանակավոր դադարեցման պատճառով բեռնափոխադրումը չի սկսվել։ Թենգիզի հանքավայրի շահագործման օպերատոր Tengizchevroil-ն այն ժամանակ հայտարարել էր, որ մատակարարումները խաթարվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով: