Բրյուսելում կքննարկեն Վրաստանի հարցը

Եվրամիության արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում՝ դեկտեմբերի 16-ին, 27 անդամ երկրները կքննարկեն Վրաստանի հարցը, հայտարարել է Վրաստնում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:

Ըստ դեսպանի՝ բոլոր տարբերակները սեղանին են: Նա նշել է՝ վերջին շրջանում մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը։

«Կարծում եմ հանդիպումից հետո առավել շատ տեղեկություններ կհայտնեմ։ Այս պահին կարող եմ ասել, որ բոլոր տարբերակները սեղանին են։ Օրինակ՝ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու հնարավորությունը, բայց դա կքննարկեն և կորոշեն Եվրամիության անդամ 27 երկրները»,- նշել է դեսպանը։

Թբիլիսիում և երկրի մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել։