Նոյեմբերի 18-ին Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Խորհրդի օրակարգում առաջին հարցը Ուկրաինան է և նրա դեմ ռուսական ագրեսիան, երկրորդը՝ Վրաստանը։
Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը Բրյուսելում կմեկնարկի նոյեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 9:30-ին, որը կգլխավորի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Քննարկվելիք թեմաները ներառում են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Վրաստանում հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո և երկրում իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումներ կունենա նաև Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան: Նա նշել է՝ գողացված ընտրությունների միջազգային լեգիտիմությունը չճանաչելու քաղաքականության պահպանումն այսօր պայքարի կարևորագույն առաջնահերթությունն է:
«Մենք պայքարում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պայքարում ենք միջազգային ասպարեզում, պայքարում ենք դատարանում և փողոցում»,- ասել է Բոկուչավան։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլին ասել է՝ չորս ընդդիմադիր կուսակցություններն ընդարձակ նամակով դիմել են ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։
Ուկրաինայից և Վրաստանից բացի, Բրյուսելում արտգործնախարարների քննարկվելիք թեմաներից կլինի ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները՝ հաշվի առնելով նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում: