«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանը», «Սափարի» կազմակերպությունը, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների», «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստանը», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» և «Սոցիալական արդարության կենտրոնը» ամփոփել են դեկտեմբերի 5-7-ը Բրյուսել կատարած այցը։
Հասարակական կազմակերպությունները (ՀԿ)՝ ԵՄ կառույցների ներկայացուցիչներին տեղեկատվություն են տրամադրել 12 հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ և քննարկել այն հիմնական մարտահրավերները, որոնք առկա են Վրաստանին ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին։
ՀԿ-ների խոսքով, Բրյուսելը կարծում է, որ պաշտոնական Թբիլսին պետք է փոխի իր հռետորաբանությունը Եվրամիության հետ կապված։
Նշվում է, որ եվրոպացիների ուշադրությունը կենտրոնացված է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ դատարանների անկախության, «ապաօլիգարխացման մասին» օրենքի, անազատության մեջ գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վրա։
«Տերմիններն ու արտահայտությունները, որոնցով «Վրացական երազանքը» խոսում է եվրապատգամավորների մասին՝ քննադատելով նրանց, թե ԵՄ-ն փորձում է մեզ պատերազմի մեջ ներքաշել, Բրյուսելում անհանգստություն է առաջացնում…
Կառավարությունը միանշանակ պետք է դադարի վարկաբեկել Եվրամիության կառույցներին՝ չկրկնելով, թե Եվրամիությունը Վրաստանը տանում է դեպի պատերազմ: Եվրամիությունում դա շատ ցավոտ են ընկալում»,- նշել է «Սափարի»-ի ղեկավար Բայա Պատարաիան։