Բրյուսելը դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումները

Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերն արձագանքել է Վրաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին։

Հարթակ X-ում նա գրել է, որ անարդարացիորեն կալանավորված ցուցարարները պետք է ազատ արձակվեն, և «անօրինական գործողություններում ներգրավված պաշտոնյաների գործողությունները պետք է հետևանքներ ունենան»։

«Եվրամիությունը դատապարտում է այս շաբաթավերջին Բաթումիում և Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումները, ներառյալ լրագրողների և ակտիվիստների կալանավորումը», — գրել է Հիփերը:

Հունվարի 11-ին Բաթումիում ձերբակալվել է «Բաթումելեբի» լրատվամիջոցի հիմնադիր և խմբագիր Մզիա Ամաղլոբելին՝ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն։

Հունվարի 12-ին Թբիլիսիի «Բաբիլո» ռեստորանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել 9 մարդու։ Բոլորը կալանավորվել են վարչական իրավախախտումների համար՝ 166 և 173 հոդվածներով։