Բրյուսել-Թբիլիսի հարաբերությունները պետք է վերագնահատվեն. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Եվրամիության արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպման համատեքստում` նշելով, որ Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունները պետք է վերագնահատվեն։

Հայտարարության մեջ ԱԳՆ-ն խոսում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումների մասին և մատնանշում դրա հետաքննության անհրաժեշտությունը։

Գերմանիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ արդեն մի քանի ամիս հետևում են, թե ինչպես է Վրաստանի կառավարությունը երես թեքում Եվրամիության արժեքներից։

«Միջազգային դիտորդները հաստատել են հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների խախտումները: Մենք կոչ ենք անում լիարժեք և թափանցիկ հետաքննել բոլոր բողոքներն ու պնդումները։ Նաև Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունները պետք է վերագնահատվեն, ներառյալ ԵՄ-ի աջակցության միջոցառումները Վրաստանին անդամակցության գործընթացի համատեքստում», — ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք. երեկ Բրյուսելում կայացել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Վրաստանը։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջարկել է Վրաստանի կառավարությանը տրամադրվող 100 միլիոն եվրոյի օգնությունը վերահղել քաղաքացիական հասարակությանը։